Shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ Ռիցար ռեստորանային համալիրի մոտ, ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը և թիվ 15 փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկներով:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալներ Հայկազ Մաթևոսյանի և Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, հերթապահ բժշկի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Mersedes մակնիշի 01 GN 002 համարանիշի ավտոմեքենան վարած, դեռևս չպարզված վարորդը բախվել է բաժանարար բետոնե արգելապատնեշին, այնուհետ դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:
Բախման արդյունքում ծառը տապալվել է, իսկ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Հրշեջները մարելով ավտոմեքենայում առաջացած կրակը, այնտեղ՝ վարորդի նստատեղին, հայտնաբերել են տղամարդու կիսամոխրացած դի:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։