Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 08․15-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 74 կմ հատվածում՝ Նիգավան գյուղի խաչմերուկում, բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան և Renault մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկով օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները, տեղում ծառայություն կատարող պարեկները և Ապարանի շտապօգնության բժիշկները։
Վիրավորներից մեկին ՎԱԶ 2107-ի միջից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ վիրավորներից մեկին տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը։