ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով քննարկումների առիթ դարձած՝ իր և դպրոցներից մեկի տնօրենի երկխոսությանը՝ հորդորեց առանձին տեսանյութով չդատել այդ երկխոսության մասին.

«Երբ դուք ամբողջ տեսանյութը նայում եք՝ տեսնում եք, որ այնտեղ անկաշկանդ գործընկերային զրույց է եղել՝ երբեմն կատակներով, երբեմն շատ մտերիմ փոխադարձումներով: Ինձ ճանաչող որևէ մեկը չի կարող որևէ օրինակ բերել ու ասել, որ ես որևէ մեկին կարող եմ նվաստացնել»։

 

Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ դա եղել է ուղիղ երկխոսություն տնօրենների հետ.

«Ասեմ՝ ինչու է այսպիսի եզրակացություն․ դուք միշտ սովոր եք եղել, որ նախարարը իր ենթակայության տակ գտնվող տնօրեններին վերևից է նայել, շեֆություն է արել»,-նկատեց Հարությունյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ տնօրեններից մեկը օտար լեզվի ուսուցման խնդիրն էր բարձրաձայնել, որին ի պատասխան  նախարարն ասել էր, թե տնօրենն ինքն, ավարտած լինելով անգլերենի խորացված ուսուցման դպրոց, կարո՞ղ է ձևակերպել իր հայերեն արտահայտած միտքը անգլերեն, իսկ տնօրենը հակադարձել էր՝ տեքստն ամբողջությամբ անգլերեն ասելով։