Էն օրը, երբ որ կպարզվի, որ ԱԱԾ-ի կամ ոստիկանության կողմից ճնշումներ են եղել ԵՊՀ-ի հոգաբարձուների նկատմամբ, այդ օրը ես հրաժարական կտամ: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով ԵՊՀ-ում կատարվող իրադարձություններին:
Լրագրողի դիտարկմանը, որ հենց ինքն էր Արամ Սիմոնյանին հորդորել հրաժարական տալ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.
«Ես իմ մտահոգությունների մասին կարող եմ խոսել, որոշումները կայացնողները այն խորհուրդներն են, որոնք ձևավորվել են, և ես մի բան կարող եմ ասել, որ այդ «ասում են-ները» կարող են ստուգել, դուք որևէ խորրհդի անդամի հետ խոսե՞լ եք»:
Արայիկ Հարությունյանը նշեց՝ քանի որ վաղը ԵՊՀ-ում խորհրդի նիստն է, ինքն այսօր որևէ մեկնաբանություն չի անի, որպեսզի հետագայում մեկնաբանություններ չլինեն այն մասին, որ խորհդի նիստից առաջ նախարարի կարծիքը ազդեցություն է ունեցել խորհրդի անդամների որոշման վրա:
Հարցին, թե ինչո՞վ է վստահ, որ ճնշումներ չեն եղել, Հարությունյանը նշեց. «Ես կիսատ, մեկտոկոսանոց ապացույց չունեմ, որ այդպիսի ճնշումներ են եղել»:
Նախարարն անդրադարձավ նաև այն հարցին, որ ասում են, թե Արամ Սիմոնյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
«Նման բան բացառվում է, մինչև հիմա Արամ Սիմոնյանի հետ եղել է բացառապես գործընկերային հարաբերություններ, ինքն է հենց փորձում այս ամենը քաղաքականացնել՝ պրոցեսի մեջ ներքաշելով նաև իր գործընկերներին: Ես Արամ Սիմոնյանի և մնացած բոլոր ռեկտորների նկատմամբ հավասար վերաբերմունք ունեմ:
Հարությունյանը կոչ արեց այդ սադրանքներին չտրվել:
Դիտարկմանը, թե ինքը ում է տեսնում ԵՊՀ ռեկտորի պաշտոնում, Հարությունյանը նշեց, որ դա թող խորհուրդը որոշի: