Որոշել եմ հրաժարվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից և դուրս գալ կուսակցությունից, որպեսզի Հանրապետության նախագահի պաշտոնում ես կարողանամ գործել և ընկալվել որպես պետության վերկուսակցական գլուխ, որպես մի գործիչ, որը պետք է ընդունվի որպես հատկապես ճգնաժամային իրավիճակներում համախմբող անձ։ Այս մասին իր ուղերձւմ նշել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
 
• Միևնույն ժամանակ գիտակցելով պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները.
• Առաջիկա օրերին հաստատելու եմ կառավարության նոր կառուցվածքը՝ օպտիմալացնելով տարբեր գերատեսչություններ, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել դրանց աշխատանքի արդյունավետությունը և խնայել հանրային միջոցներ.
• Հաստատելու եմ նաև կառավարության նոր կազմը՝ կատարելով նշանակալի կադրային փոփոխություններ, այդ թվում՝ ուժային կառույցներում: Ընդգծեմ, որ նոր կադրերի ընտրության հարցում հնարավորինս առաջնորդվելու եմ նրանց մարդկային ու մասնագիտական արժանիքներով և հանրային հեղինակությամբ.
• Արցախի Հանրապետության պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող՝ Նախագահի բոլոր հրամանագրերն ու կառավարության որոշումներն ընդունվելու են բացառապես Անվտանգության խորհրդի դրական եզրակացությամբ, մնացած մարմինների կողմից ընդունվող վերաբերելի իրավական ակտերի մասով եզրակացություններ տալու համար կմշակվեն համապատասխան մեխանիզմներ.
• Անվտանգության խորհրդի կազմը կընդլայնվի, որում ընդգրկված կլինեն ոչ միայն կոնկրետ լիազոր պաշտոնատար անձինք, այլ նաև հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ:
Պետական կառավարում. Այժմ պետական կառավարման համակարգն, ընդհանուր առմամբ, ճգնաժամի մեջ է, որը բացասականորեն է անդրադառնում պատերազմի հետևանքների հաղթահարման աշխատանքների արդյունավետության վրա: Ուստի, նախատեսում եմ մի քանի օրվա մեջ կատարել բոլոր հիմնական կառուցվածքային ու կադրային փոփոխությունները և արագացնել ու բազմապատկել հրատապ հիմնախնդիրների լուծման ջանքերը: Ժողովրդի հրատապ կարիքների գոնե նվազագույն բավարարումից հետո մենք պետք է ձեռնամուխ լինենք կառավարման բարեփոխումների, որոնց մի մասը նախատեսել էինք նախապատերազմյան ժամանակահատվածում, իսկ մնացածի կարիքը դրսևորվել է պատերազմական ու հետպատերազմյան պայմաններում: Այդ երկարատև բարեփոխումների արդյունքում կբարելավվեն հանրային ծառայողների մասնագիտական կարողությունները, կբարձրանա վարչարարության, քաղաքացիների սպասարկման, հանրային միջոցների ծախսման, պետական ծրագրերի իրականացման և մի շարք այլ գործընթացների ու ինստիտուտների արդյունավետությունը:
Պետական կառավարման բոլոր մարմիններից ու պաշտոնատար անձանցից պահանջում եմ կատարել չափազանց պատասխանատու ու սրտացավ աշխատանք հետպատերազմյան ծանր մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ: Մեզնից ոչ ոք բարոյական իրավունք չունի գլուխը հանգիստ բարձին դնելու, եթե գիտի, որ իրենից է կախված զոհվածի կամ անհետ կորածի հարազատի, վիրավորի, անօթևանի կամ մեկ այլ խոցելի անձի այս կամ այն հարցի լուծումը: Մեզնից ոչ ոք իրավունք չունի իրեն թույլ տալ շռայլություններ, երբ շատ անձինք զրկված են կյանքի նվազագույն պայմաններից, երբ զոհվածների ու անհետ կորածների զավակները կարիք ունեն պարզ ուշադրության: