«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևանի քաղաքապետարանում կարծես բոլորն են «ճամպրուկային տրամադրությամբ»: Դե, գիտեն, մեկ ամսից իրենց մոտ էլ իշխանափոխություն կլինի (անկախ նրանից թե որ ուժը մեծամասնություն և ըստ այդմ՝ քաղաքապետ կունենա), ու իրենցից շատերն էլ, բնականաբար, դուրս կմնան: Դրանց շարքում է տրանսպորտի վարչությունը՝ ի դեմս «հարյուր տարվա» պետ Հենրիկ Նավասարդյանի:
Օգոստոսի 29-ին քաղաքապետարանը տարածել է այսպիսի հայտարարություն. «Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.62 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. սեպտեմբերի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.62 երթուղու գործունեությունը: Նշված երթուղուց օգտվող՝ Թբիլիսյան խճուղու և Քանաքեռ թաղամասի որոշակի հատվածի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նապատակով միկրոավտոբուսային հ.21 երթուղին Շամպայն-գինիների գործարանի մոտից կերկարացվի մինչև Քանաքեռի 13-րդ փողոց՝ միկրոավտոբուսային հ.62 երթուղու վերջնակետ:
Միկրոավտոբուսային հ.62 երթուղուց օգտվող մյուս ուղևորները կարող են օգտվել նշված երթուղուն զուգահեռ գործող այլ ներքաղաքային երթուղիներից»:
Թվում է՝ արտառոց բան չկա, սովորական փոփոխություն է, սակայն տվյալ տարածքից ստացված բողոքներն այլ բան են ասում: Պարզվում է, որ առանց այդ էլ հատկապես Շամպայն-գինիների գործարանի շրջակաքում բնակվողները տրանսպորտի լուրջ խնդիր ունեն. հատկապես առավոտյան և երեկոյան պիկ ժամերին այս հատվածի և դատարանի շրջակայքի շենքերի ու առանձատների բնակիչները հազիվ են կարողանում օգտվել տրանսպորտից, իսկ եթե թիվ 21 երթուղին այդքան երկարացվեց, կարելի է ասել՝ ընդհանրապես անհնար կլինի:
Փորձեցինք զրուցել Հենրիկ Նավասարդյանի հետ: Նախ, շեշտենք այն անտարբեր ու «մուննաթով» տոնայնությունը, որով մեր հարցերին նա պատասխանեց: Իսկ ամենակարևորն այն էր, որ փաստացի ասում էր՝ «այլ տարբերակ չկա»: Ի դեպ, նա նշեց նաև թիվ 39 երթուղու առկայությունը, որը, սակայն Թբիլիսյան խճուղի է դուրս գալիս Կորեայի ձորից, այսինքն՝ խճուղու մոտ կեսից:
Վերջում, երբ հարցրեցինք, թե 62 երթուղու փոխարեն նոր մրցույթ հայտարարելու հնարավորություն չկա՞, Նավասարդյանն ուղղակի ասաց. «Եթե կբերեք մեկին, ով մեքենաներ կբերի ու կշահագործի այդ գիծը, պատրաստ եմ բացառության կարգով ընդառաջել»: Իսկ մենք գիտեինք, թե դա իր վարչության գործառույթն է: Փաստորեն սխալվել ենք, իրենց գործն էլ մենք պիտի անենք:
Պարոն Նավասարդյանին ուղղակի տեղեկացնենք, որ միայն Շամպայն-գինիների գործարանի մոտի երկու բարձրահարկերում բնակվում է 240 ընտանիք, այսինքն՝ մոտ 800-900 մարդ, դրան գումարած՝ մերձակա 5 հարկանի շենքերն ու առանձնատները, ստացվում է, որ խոսքը մոտ 2000 մարդու մասին է: Դատարանի շրջակայքի շենքերի մասին չենք խոսում: Հայաստանում քանի՞ գյուղ կարող եք ցույց տալ, որ այդքան բնակչություն ունի: Հիմա փաստորեն այդքան մարդու սպասարկելու է մեկ երթուղի:
Հ.Գ.-Մի դիտարկում ևս. Հենրիկ Նավասարդյանի փաստարկը, թե Աբովյանի տրանսպորտ կա այդ տարածքում, քննադատության չի դիմանում, որովհետև դրանք մեծամասամբ չեն կանգնում այդ կանգառներում, որովհետև լեփ-լեցուն են լինում, հատկապես քաղաքից բարձրանալիս...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: