Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչները շարունակում են բողոքի ակցիան: Նրանք դժգոհում են խաղողի մթերման գներից:
Այսօր խաղողագործների հետ հանդիպեց Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը՝ ասելով, որ կիսում է գյուղացիների մտահոգությունն ու վրդովմունքը:
«Մենք չենք կարողանում ոչ մի լծակով միջամտել գործարարների աշխատանքին: Այս պահին չունենք լծակներ, եթե գտնենք լծակներ, դա կլինի թե՛ Արմավիրի մարզպետարանը, թե՛ այլ գերատեսչական մարմին, որը կարող է միջամտել, վստահեցնում եմ՝ միջամտելու ենք: Երեկ համայնքի ղեկավարների հետ ևս հանդիպել եմ, խնդիրն անընդհատ քննարկում ենք լուծում գտնելու համար: Գյուղացիների հետ իմ հարաբերությունները կառուցողական են, հնարավորության սահմաններում գալիս ենք ընդհանուր հայտարարի»,- ասաց նա:
Սակայն գյուղացիները դժգոհում են՝ նշելով, որ իրենց վրա արդեն իսկ թանկ է նստել, իսկ սահմանված 140 դրամով չեն կարող անգամ կատարած ծախսերը փոխհատուցել:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչ Կարեն Սիսակյանն ասաց՝ իրենց ասել էին, որ խաղողը կմթերեն 160 դրամով, սակայն մթերման պահին դարձրել են 140 դրամ. «Մեզ վրա խաղողն արդեն 140 դրամ է նստել, ամեն ինչ թանկացել է՝ վառելիքից, թունաքիմիկատներից մինչև աշխատուժ, իսկ գինը նվազեցնում են: 3 կամ 5 դրամով հարցը չի լուծվի: Մեր պահանջն այն է, որ խաղողը մթերեն 160 դրամով»,- ասաց խաղողագործը:
Խաղողագործները նշում են նաև թունաքիմիկատների անորակության մասին՝ ընդգծելով, որ շուկան մենաշնորհված է, դրանով զբաղվում է Սամվել Ալեքսանյանը: Անդրադառնալով գյուղացիների այս մտահոգությանը՝ Արմավիրի մարզպետն ասաց, որ այդ հարցը իրեն ևս հուզեց և լծակներ ունենալու դեպքում վստահեցրեց՝ կզբաղվեն դրանով:
Հիշեցնենք, որ երեկ Արմավիրի մարզի մի շարք համայնքների ներկայացուցիչներ փակել էին Արմավիր-Երևան մայրուղին' դժգոհելով խաղողի մթերման գներից:
Մթերման գինը սահմանվել էր 140 դրամ, այն պարագայում, երբ այս ժամանակահատվածում խաղողի մթերման գինը պիտի լինի 160 դրամ: