Ռուզաննա Մկրտչյանի մասով դատական նիստ տեղի չի ունեցել, քանի որ դեռ չի ստացվել դեռևս մի քանի ամիս առաջ նշանակված կրկնակի ստացիոնար դատահոգեբանական փորձաքննության եզրակացության պատասխանները: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ռուզաննա Մկրտչյանի փաստաբան Նաիրա Պետրոսյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե այս պահին Մանուկ Սիմոնյանի սպանության գործն ինչ ընթացքի մեջ է:

Նշենք, որ Ռուզաննա Մկրտչյանը մեղադրվում է Արմավիրի նախկին մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ, որը տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ՝ կացնի հարվածներով:

 

Փաստաբան Նաիրա Պետրոսյանը մեզ հետ զրույցում չցանկացավ պատասխանել, թե իր վստահորդն ընդունո"ւմ է իրեն առաջադրված մեղադրանքները, թե՞ ոչ: Ըստ նրա՝ դա նախաքննական գաղտնիք է, սակայն դա այդպես չէ: 

Փաստաբանը նաև հավելեց, որ մոտ օրերս պատրաստ կլինեն փորձաքննության եզրակացության պատասխանները և կնշանակվի դատական նիստ, իսկ իր վստահորդ Ռուզաննա Մկրտչյանի առողջական վիճակը, նրա փոխանցմամբ, նույնն է՝ ինչ նախկինում և գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:  

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված:

Ըստ մեղադրանքի՝ Ռուզաննա Մկրտչյանը 1992թ.. ամուսնացած լինելով Մանուկ Սիմոնյանի հետ և համատեղ բնակվելով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում տարիներ շարունակ հաճախակի բռնության է ենթարկվել ամուսնու կողմից: Հերթական անգամ, 2017թ. հուլիսի 22-ին` ժամը 10-ի սահմաններում, տանը ամուսնու հետ միայնակ մնալուց հետո, վերջինս չնչին առիթն օգտսգործելով, տան 2-րդ հարկի իրենց ննջասենյակում կրկին ծեծի է ենթարկել Ռուզաննա Մկրտչյանին: Այնուհետև ննջասենյակից կնոջը դուրս վռնդելուց հետո, պառկելով մահճակալին քնել է:

 

Ռուզաննա Մկրտչյանը ննջասենյակից դուրս գալուց մի քանի րոպե անց ննջասենյակին կից խոհանոցում գտնվելու ժամանակ տեսել է սառնարանի կողքին` հատակին դրված կացինը և անմիջապես նրա մոտ դիտավորություն է առաջացել ննջարանում ամուսնու քնած լինելու հարմար առիթն օգտագործելով կացինով սպանել նրան` տարիներ շարունակ իրեն ծեծի ենթարկելու և նվաստացնելու համար:

Ռուզաննա Մկրտչյանը վերցնելով կացինը և խոհանոցից դեպի ննջասենյակ տանող դռնով մտնելով ներս, մոտեցել է մահճակալին քնած ամուսնուն և նրան ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանելու նպատակով կացնով մի քանի անգամ հարվածել է Մանուկ Սիմոնյանի գլխին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Սպանությունը կատարելուց հետո, տուն է կանչել որդուն` Նորիկ Սիմոնյանին և արդեն 2017թ. հուլիսի 23-ին` ժամը 04-ի սահմաններում, ամուսնու ավտոմեքենայով որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում` Դալարիկի ձորից շուրջ 30 մետր հեռավորության վրա, որտեղից էլ այն հայտնաբերվել է 2017թ. հուլիսի 25-ին ժամը 23:30-ի սահմաններում:

Արմինե Միքայելյան