Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի դեմքին և նրա մեքենայի մեջ հայտնաբերված անտիմոնը կրակոցի արգասիք չէ: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Գիվի Հովհաննիսյանը` նշելով, որ դա պարզվել է համալիր փորձաքննության (դատահետքաբանական, դատաքիմիական, դատաձգաբանական եւ այլն) արդյունքում:

 

«Դեռ ամիսներ առաջ պաշտպանը, ինչպես նաև Արայիկի հարազատները բարձրաձայնում էին այդ մասին: Հովհաննիսյանը պնդում էր, որ Արայիկ Պետրոսյանի մեքենայի մեջ և դեմքին հայտնաբերված անտիմոնը կարող է հանդիպել և’ բնության մեջ, և’ կենցաղում, անտիմոնն օգտագործվում է նույնիսկ կոսմետիկայի և մարտկոցների մեջ: Սակայն հատկանշական է, որ անգամ փորձաքննության եզրակացությունից հետո Պետրոսյանը շարունակում է մնալ կալանքի տակ, ավելին' հոկտեմբերի 14-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և ևս մեկ ամսով երկարաձգել Արայիկ Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը»,-գրում է կայքը:

 

Փաստաբանի խոսքով` վերջնականապես հիմնավորվեց, որ Արայիկ Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի հիմքում որևէ ապացույց չկա. ինչպես նախկինում, այժմ էլ նրան կալանքի տակ են պահում քննչական մարմնի և դատարանի ապօրինի գործողությունների արդյունքում: «Մենք չենք գործում իրավական դաշտում, որ այդ մարմինների գործողությունների տրամաբանությունը հասկանանք:

 

Մարդիկ անում են այն, ինչ ցանկանում են»,- ասել է պաշտպանը և հավելել, որ իր վստահորդի նկատմամբ մինչ այժմ էական քննչական գործողություն չի կատարվել: Իսկ թե իրականում որո՞նք են Արայիկ Պետրոսյանին կալանքի տակ պահելու հիմքերը, հայտնի չէ: Գուցե քննչական մարմինը նրա դեմ այլ ապացույցներ ևս ունի, սակայն չի հրապարակում' գործի հետագա քննությանը չխոչընդոտելու նպատակով: