Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումն առայժմ դադարեցված չէ:

 

Հիշեցնենք,դեկտեմբերի 25-ին նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ, Արայիկ Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը չեղյալ էր համարվել' գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությանը առնչություն ունենալու հիմքերի չհաստատվելու հիմնավորմամբ:

 

Սակայն, ինչպես նշեց փաստաբանը, Արայիկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումն առայժմ չի դադարեցվել, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

 

Հիշեցնենք' ապրիլի 2-ի վաղ առավոտյան Պռոշյանի գյուղապետը սպանվել էր' հրազենային կրակոցի հետևանքով, հենց գյուղապետարանի շենքի դիմաց: Հրաչ Մուրադյանի սպանության կասկածանքով նույն օրը ձերբակալվել, ապա նաև կալանավորվել էր Պռոշյան գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանին: