Այսօր վաղ առավոտից «Սանիթեք» ընկերության գրասենյակի առջև բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ քաղաքացիներ: Նրանք բողոքում են ընկերության աշխատանքների թերացման և դրա հետևանքով աղբանոցի վերածված մայրաքաղաքի համար:
Նշենք, որ այս տարի մեծ ծավալների հասնող աղբակույտերի վերացման և «Սանիթեք» ընկերության անգործության մասին բազմիցս խոսվել է, իսկ ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի հետ խոսել չի հաջողվում, քանի որ «նա քաղաքում չի լինում, կվերադառնա՝ պատասխանը կտա»:
Չնայած ակցիայի մասնակիցների բողոքներին, «Սանիթեք» ընկերության տնօրենի օգնական Քրիստինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց. «Մենք զբաղվում ենք մեր առօրյա գործերով»: Այուհետև խոստացավ, որ մյուս շաբաթ տնօրենը կլինի Երևանում և կպատասխանի բոլոր հարցերին, հավելելով, որ սա ժամանակ շահելու միջոց չէ, և այս ամենը ոչ մի կապ չունի Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ:
Տնօրենի օգնականը բացառում է այն, որ ներկայիս իրավիճակը մեծ խնդիր է, և կրկին վստահեցնում, որ կարճ ժամանակում ամեն ինչ կկարգավորվի: Այն հարցին, թե մեկ անգամ տուգանվելուց հետո մի՞թե ընկերությունը որոշակի հետևություններ չի արել երկրորդը չկրկնելու համար և մտավախություն չկա՞, որ ընկերությունը կզրկվի մենաշնորհից, Քրիստինե Մելքոնյանը չպատասխանեց, պատճառաբանելով, թե իրավասություն չունի:
Ակցիայի ընթացքում քաղաքացիներից մեկն իր տան աղբը բերեց և թողեց «Սանիթեք» ընկերության շենքում. «Միևնույնն է, մեր տարածքից աղբը չեն հավաքում, ավելի լավ է՝ թող իրենց շենքում մնա, այդտեղից հաստատ կհավաքեն»,-ասաց քաղաքացին: