«Աղբահանության վիճակը սկսել է կարգավորվել և կգա իր նորմալ վիճակին։ Վստահեցնում եմ, որ խնդիրը 100 %-ով կլուծվի, երբ մեր մեքենաներն այստեղ լինեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը։
Նրա խոսքով՝ աղբատար մեքենաները մինչև եկող շաբաթ կլինեն Երևանում․ «Առաջիկա երկու օրերին արդեն քաղաքացիները կտեսնեն, որ իրավիճակը կարգավորվել է»,- ասաց Թավիլը։
Նշենք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո քաղաքում ստեղծվեց անմխիթար վիճակ: Քաղաքացիները սկսեցին դա պայմանավորել աղբահանություն իրականացնող ընկերության և նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հնարավոր կապով։ Սակայն, «Սանիթեք»-ի տնօրենը վստահեցնում է, որ աղբահանության խնդիրը կապ չունի Տարոն Մարգարյանի հետ․ «Ոչ ոք կապ չունի մեր ընկերության հետ. դա անընդունելի է մեզ համար: Միգուցե զուգադիպություն է եղել, բայց խնդիրները սկսել են փոքր հարցերից և ստեղծվել է նման իրավիճակ: Պատրաստ ենք նոր իշխանությունների հետ ևս համագործակցել: Ամեն ինչ պիտի քննարկենք և հասկանանք՝ ինչ անել: Նոր քաղաքապետարանի հետ պիտի նստենք, քննարկենք և հասկանանք, թե ինչ պիտի անենք»,- ասաց տնօրենը։
Տնօրենը վստահեցնում է՝ ձեռնարկում են քայլեր՝ առաջիկայում աղբահանության խնդրին լուծում տալու համար։