«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն ասել է, թե յուրացրած գումարներն ինքը վերադարձրել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի ձերբակալությանը:
«Հիմա քննություն է իրականացվում, պարզ կլինի, այս պահին չեմ կարող հստակ ասել, բայց որ մոտ 130 մլն դրամ հանել է հիմնադրամից ու խաղացել խաղատներում, դա հստակ է: Այն փաստը, որ նա օգտվել է հիմնադրամի վարկային գծից, արդեն քրեորեն պատժելի է», - նշեց նա:
Անդրադառնալով ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի գտնվելու վայրին, Վանեցյանը նշեց՝ ԱԱԾ-ն տիրապետում է ողջ իրավիճակին. «Միքայել Հարությունյանը երկրից դուրս է եկել այն ժամանակ, երբ նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում սկսված չէր», - ասաց նա:
Հարցին՝ ԱԱԾ-ն խուզարկություն իրականացրե՞լ է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը, թե՝ ոչ, Վանեցյանը բացասական պատասխան տվեց. «Նա գտնվում է Հայաստանում, իսկ թե որտեղ է գտնվում՝ չգիտեմ»,- ասաց ԱԱԾ պետը: