Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության նիստում քննարկվել է «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը, որն ուղղված է ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը, որոնք պատրաստվում են ունենալ 2-րդ երեխան: Համաձայն գործող կարգի՝ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմում է 50 հազար դրամ, երրորդ կամ չորրորդ երեխայի ծնվելու դեպքում' 1 միլիոն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում' 1 միլիոն 500 հազար դրամ: Այսինքն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի տարբերակումն սկսվում է երրորդ երեխայից սկսած: Փոփոխություններով առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերի տարբերակում մտցնել նաև երկրորդ երեխայի ծննդյան դեպքում: Արդյունքում՝ 2018թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ' գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ: Ըստ վիճակագրական տվյալների՝ 2014-2016թթ. երկու կարգաթիվ ունեցող նոր ծնված երեխայի թիվը հետևյալն է' 16 051, 15 850, 15 032: 2018թ. 2-րդ կիսամյակում երկու կարգաթիվ ունեցող նոր ծնված երեխաների թիվը կանխատեսվել է 7500: Այս դեպքում լրացուցիչ բյուջետային միջոցների պահանջը 2018թ. հոկտեմբերի-դեկտեմբեր ամիսներին կկազմի շուրջ 375 մլն դրամ, իսկ 2019թ. և հետագա տարիների համար' տարեկան շուրջ 1.5 մլրդ դրամ: Անհրաժեշտ բյուջետային հատկացումները 2018թ. համար կիրականացվեն ՀՀ 2018թ. պետբյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում:
Արծարծված հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք դիտարկումներ, առաջարկություններ, մասնավորապես՝ զույգ երեխայի դեպքում կրկնապատկել ծննդյան միանվագ նպաստի չափը: Վարչապետի առաջարկով որոշման ընդունումը հետաձգվել է՝ հաջորդ նիստին հնչեցրած առաջարկություններով լրամշակված տարբերակ ներկայացնելու համար: Կառավարության ղեկավարը, ընդգծելով թեմայի կարևորությունը, հույս է հայտնել, որ ծննդօգնության, ծնելիության խթանման համար նախատեսված գումարները հաջորդ տարի չեն բավականացնի և անհրաժեշտություն կլինի տարվա կեսին այդ գումարներն ավելացնել: «Սա շատ կարևոր թեմա է, և մեզ հարկավոր է ծնելիության բում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Օրենսդրական նախաձեռնություններ
Գործադիրը հավանություն է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծի ընդունումը պայմանավորված է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես' փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման՝ օրենքի նախագիծը մշակվել է փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունն ապահովելու և դրա արդյունքում նաև Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցիչի մասով Հայաստանի դիրքի առաջընթացն ապահովելու նպատակով: Մասնավորապես, սահմանվում է, որ դուստր և կախյալ ընկերություններն իրավունք չունեն գնելու հիմնական ընկերության թողարկած բաժնետոմսերը, բաժնետերերի ընդհանուր ժողովում արտոնյալ բաժնետոմսերով նախատեսված իրավունքների սահմանափակմանը վերաբերող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել այդ բաժնետոմսերի սեփականատերերը: Ընդ որում, իրավունքների սահմանափակման վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել միայն այն պարագայում, երբ այդ որոշմանը կողմ են քվեարկել նման արտոնյալ բաժնետոմսերի 3/4-ի սեփականատերերը, ներդրվում է բաժնետիրական համաձայնագրի գաղափարը։
Հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունման պարագայում կբարձրանա գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները կլինեն համարժեք, ինչպես նաև կվերանա ստեղծված անպատժելիության մթնոլորտը: Պրակտիկայում առկա խնդիրների կարգավորման, իրավիճակի բարելավման նպատակով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի առնչությամբ առաջարկվում է հետևյալ հայեցակարգը՝հոդվածի 1-ին մասը ձևակերպել այնպես, որ «զգալի չափը» լինի ոչ թե գողության հասկացության, այլ միայն գողության հասարակ հանցակազմի պարտադիր տարր: Հիմք ընդունելով գողության՝ բնակարան ապօրինի մուտք գործելով և կազմակերպված խմբի կողմից ծանրացնող հանգամանքների հանրային բարձր վտանգավորությունը՝ այսուհետ արարքը դրանցով որակելու դեպքում «զգալի չափը» առհասարակ որոշիչ նշանակություն չի ունենա: Որպես գողության ծանրացնող հանգամանք ավելացվել են այն դեպքերը, երբ գողությունը կատարվել է անձի կողմից կրվող հագուստից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից: Նման լուծման պայմաններում գրպանահատությունը կդիտարկվի որպես հանրային մեղադրանքի գործ, ինչպես նաև դրա վրա չի տարածվի «զգալի չափով» կատարված լինելու պայմանը:
Գործադիրի հավանության է արժանացել նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին», «ՀՀ հողային» օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) մեխանիզմների կիրառման համար անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծում, որը կապահովի ՊՄԳ ծրագրերի կառավարումն ապահովող օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակի կայացումը: Օրինագծի նպատակն է մասնավոր հատվածի ուժեղ կողմերի և հնարավորությունների համախմբման միջոցով նպաստել տնտեսական և սոցիալական զարգացմանը Հայաստանում, միաժամանակ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման, երկկողմ պարտավորությունների սահմանման միջոցով խթանել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացումը։ ՊՄԳ կիրառումը լավ հնարավորություն է նպաստելու երկրի ենթակառուցվածքների զարգացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, մասնավոր հատվածի ֆինանսական և ոչ միայն ֆինանսական հնարավորությունների կենտրոնացմանը, պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետ իրագործմանն ու ապահովմանը: Առաջարկվող իրավական ակտով կկարգավորվեն պետություն-մասնավոր գործընկերության իրականացման ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը և կիրառելի սկզբունքները: Օրինագծերի փաթեթի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, որոշ դրույթների վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ: Ամփոփելով հարցի քննարկումը՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է լրամշակել օրենքների նախագծերը՝ բարձրացված հարցերին հնարավորինս ճշգրիտ ձևակերպում տալու համար:
Հավանություն է տրվել նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերի փաթեթի նպատակը մի շարք օրենքներում ենթաօրենսդրական ակտեր արձակելու՝ համապատասխան մարմինների լիազորությունն ամրագրելն է:
Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը. կստեղծվի 112 նոր աշխատատեղ
Կառավարության որոշմամբ «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է զբաղվել կոմպոզիտային գազաբալոնների արտադրությամբ՝ կատարելով ընդհանուր շուրջ 11,1 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում: Արդյունքում 3 տարվա ընթացքում կստեղծվի 112 նոր աշխատատեղ' 160 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: