Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հանդիպում-քննարկում' «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակում: Մասնակցում էին ներկայացուցիչներ Գեղարքունիքի մարզպետարանից, հասարակական կազմակերպություններից, մարզի տարածքային սոցիալական ծառայություններից, գործատուներ, պաշտոնատար այլ անձինք: Քննարկումը վարեց Գեղարքունիքի փոխմարզպետ, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Հակոբյանը:

 

«LIFE ծրագրի շնորհիվ Գեղարքունիքի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց համար կբացվի եւս 30 նոր աշխատատեղ»,- նշեց LIFE ծրագրի տնօրեն, «Սեյվ դը Չիլդրեն» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջինա Սարգիզովան: Ըստ ծրագրի տնօրենի' ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ եւ «Սեյվ Դը Չիլդրեն» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող այս ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզում երեք ծրագիր է իրականացվում: Սեւան քաղաքում ստեղծվելու է հրուշակեղենի արտադրամաս, Մարտունիում հիմնվելու է տպարան եւ կա րի ֆաբրիկա, իսկ Ճամբարակում բացվելու է LIFE սրճարան: Ծրագրերը մեկնարկել են 2013թ. դեկտեմբերին եւ ունեն ութամսյա տեւողություն: Իսկ ութ ամսից հետո երեք տարի անընդմեջ հաշմանդամները պարտադիր կերպով աշխատանք են ունենալու: Ծրագրերն իրականացվում են բիզնես-գործատուների եւ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

 

Տնօրենը նաեւ նշեց, որ հանրապետության տարբեր մարզերում LIFE ծրագրի շնորհիվ աշխատանքի է անցել 249 հաշմանդամ, նրանցից 126-ը կանայք են, 123-ը' տղամարդիկ: Հաշմանդամներից 25-ը Գեղարքունիքի մարզից են:

 

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Վարդենիսի տարածքային կենտրոնի կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ տարծքային կենտրոնի տնօրեն Արամ Հարությունյանը:

 

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հեռանկարների շուրջ քննարկում ծավալվեց նաեւ մարզի գործատուների հետ, որի ժամանակ առաջարկվեց անցկացնել աշխատանքի տոնավաճառներ: