Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հանդիպում-քննարկում' «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակում: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ քննարկումը վարեց Գեղարքունիքի փոխմարզպետ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: Քննարկմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի, հասարակական կազմակերպությունների, մարզի տարածքային սոցիալական ծառայությունների ներկայացուցիչներ, գործատուներ:

 

Անցյալ տարի Գեղարքունիքի մարզի համայնքներում հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական ակտիվ կյանք ներառելուն ուղղված աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը: Նա մանրամասնեց Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրում ներառված այն կետերը, որոնք վերաբերում են 2015 թվականին մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող միջոցառումներին: Բանախոսի հավաստմամբ՝ այդ ծրագրով նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց համար լրացուցիչ վերականգնողական կենտրոններ ստեղծել մարզի տարբեր տարածաշրջաններում: Վերականգնողական կենտրոնների քանակը կախված կլինի միջոցների ներդրման հնարավորություններից:

 

«Սեյվ Դը Չիլդրեն» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող LIFE ծրագրի 2012-2014 թվականների արդյունքների եւ ծրագրի հետագա ընթացքի մասին զեկույցով հանդես եկավ «Լիարժեք կյանք» ՀԿ հանրային հարաբերությունների պատասխանատու Լուսինե Սարգսյանը: «Մեր ծրագրի շրջանակներում 485 անձ մասնակցել է մտության եւ աշխատանքի պատրաստվածության դասընթացներին: Նույն դասընթացը կազմակերպվել է տեսողական խնդիրներ ունեցող 50 հաշմանդամի համար»,- հայտնեց նա:

 

Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզպետարանի ուշադրության կենտրոնում են գտնվում հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները. հաշմանդամները կարող են մարզպետարանի աջակցությամբ ընդգրկվել ներառական կրթության ոլորտում, ինչպես նաեւ օգտվել առողջարանային բուժման հնարավորությունից:

 

 

Խոսրով Խլղաթյան