Մանհայմի և Ռայն Նեկար մարզի առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) և «Սալոն Դիպլոմատիկ» կազմակերպության հրավերով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը սեպտեմբերի 11-ին Մանհայմի ԱԱՊ-ում հանդես եկավ ծավալուն դասախոսությամբ' նվիրված ՀՀ-ԵՄ հարաբերություններին և Հայաստանի տնտեսական հնարավորություններին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, բացման խոսքով հանդես եկավ Մանհայմի փոխքաղաքապետ Միխաել Գրյոտչը:
Նույն օրը դեսպանը հանդիպեց Մանհայմի քաղաքապետ դր. Պետեր Քուրցին: Դեսպան Սմբատյանը գրառում կատարեց քաղաքի «Ոսկե գրքում»: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Այցի շրջանակներում Աշոտ Սմբատյանը հանդիպեց նաև Մանհայմի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Էրնստ-Լյուդվիգ Ֆոն Թադենի հետ:
Մանհայմի համալսարանը հիմնադրվել է 1907թ. և Գերմանիայում հայտնի է բնագիտության, հատկապես' մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բնագավառներում գրանցված հաջողություններով: