Երեկ Համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է «Երևան Սիթի» սուպերմարկետներից մեկի թխվածքաբլիթների բաժնում որդը պտտվում բլիթների վրայով:
«Երևան Սիթի»-ի մարքեթինգի բաժնից ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցեցին, թե պաշտոնապես հերքվում է տեսանյութը: Հարցին, թե ինչպե՞ս է հերքվում, եթե կան լուսանկարներ և տեսանյութ, աշխատակիցը չպատասխանեց: Այնուհետև գովազդի բաժնից Հայկ անունով մեկը մեզ կրկին վստահեցրեց, թե հերքվել է այն, որ որդը պտտվում է սննդի վրայով:
«Մենք պարզել ենք, թե որ մանաճյուղում է եղել դեպքը, սակայն տեսանյութը հրապարակած անձը հերքում է որդի առկայության լուրը: Դե, երևի հասկացել է, որ սխալ է անում, կամ չգիտեմ, թե ինչ, ու հերքել է այդ ամենը. մեզ մոտ նման խնդիր չկա, թյուրիմացություն է եղել»,-մեզ հետ զրույցում ասաց Հայկը:
Թե ինչն են հերքում «Երևան Սիթի»-ն կամ տեսանյութի հեղինակը, դժվար է ասել, ինչպես նաև դժվար է ասել, թե ինչ է ակնարկում գովազդի բաժնի աշխատակիցը՝ ասելով. «Երևի հասկացել է սխալը», կամ «թյուրիմացություն է»: Մեկ բան է անկնհայտ՝ համացանցում աղմուկ առաջացնելուց հետո տեսանյութը ջնջվել է, սակայն պահպանվել են դրանից արված լուսանկարները:
Հիշեցնենք, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: