«Yerevan Today» կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ հերքեց տեղեկությունները, թե կայքը կապ ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
Հակոբյանը նշեց, որ 2014 թվականից՝ կայքի բացվելուց ի վեր բազմաթիվ մարդկանց հետ են կապել։
««Yerevan Today» կայքը կապել են նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, քանի որ մեր խմբագրությունը գտնվում էր այդ նախարարության կողքին, այնուհետև կապեցին քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի հետ, քանի որ նա իմ հորեղբայրն է, հիմա էլ կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ մեր խմբագրությունն ու Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նույն շենքում են։ Կտրականապես հերքում եմ այդ տեղեկությունը։ «Yerevan Today» կայքի տնօրենը, սեփականատերը Վարդան Հովնանյանն է։ Ռոբերտ Քոչարյանը մեր կայքի հետ կապ չունի»,-հայտարարեց խմբագիրը։
Նա նաև նկատեց, որ կայքին՝ ստեղծման օրից՝ Ռոբերտ Քոչարյանը 2 անգամ է հարցազրույց տվել։