Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում վերադարձը մեծ քաղաքականություն: «Երբեք մի ասա երբեք»,- այդ մասին հարցին ի պատասխան՝ ասել է նա «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Աննա Սոուսին տված հարցազրույցում՝ միաժամանակ ընդգծելով, որ ինքը դեռևս չունի որոշում այդ հարցի հետ կապված:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, անդրադառնալով երկրորդ նախագահի վերադարձին, նկատեց, որ այս պահի դրությամբ ՀՀԿ կուսակցության վիճակը շատ բարդ է, որովհետև քաղաքական օրակարգ բերված է պահանջ՝ հեռացնել ՀՀԿ-ն գործադիր և օրենսդիր իշխանությունից, շոշափվում է իշխանափոխության հարց:

 

«Բնական է, որ նման իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը հիշեցնում է քրեական օլիգարխիային, որ ինքն էլ դեռ կա, և ծայրահեղ ծանր իրավիճակում կարող են իրեն էլ դիմեն, որպեսզի օգտագործի իր քաղաքական ռեսուրսը»: 

 

Քաղաքագետի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը հիմնականում անդրադառնում է երկրի ընթացիկ խնդիրներին և հիշեցնում, որ իր ժամանակ շատ խնդիրներ կարգավորվում էին. «Որևէ այլ մեսիջ կամ բովանդակալի քաղաքական միտք Ռոբերտ Քոչարյանն այս վերջին տարիների ընթացքում չի հաղորդել, միայն հիշեցնում է այն միտքը, որ իր կառավարման ժամանակ տարբեր ոլորտներում իրավիճակը եղել է ավելի լավ և ինքը պետության ավելի հաջողակ ղեկավար է եղել»:


Մեր զրուցակիցը ասաց նաև, որ քոչարյանական և ներկայիս շրջանի միջև անընդհատ անցկացվող համեմատականները գուցե պատմաբաններին հետաքրքրի, բայց քաղաքական գործիչը պետք է պատասխանի հանրությանը հուզող արդիական հարցերին. «Մեծ հաշվով, Ռոբերտ Քոչարյանը հայ ժողովրդին դեռևս ասելիք չունի»,- իր խոսքն այսպես եզրափակեց Անդրիաս Ղուկասյանը:

 

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ասել էր. «Չեմ ուզում որոշակի հստակություն մտցնել այս հարցում, և առաջին հերթին այն պատճառով, որ այդ հստակությունը չկա: Անձնական ցանկություն՝ վերադառնալ, մտնել այդ ամենի մեջ, կրկին վերցնել պատասխանատվության այդ բեռը, չկա, սակայն միշտ էլ կան որոշակի հանգամանքներ»: