Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, շատերին քաջ հայտնի «Դվին» հյուրանոցի շինհրապարակում կկայանա լայնածավալ շնորհանդես՝ սիրված արտիստների մասնակցությամբ:

Ծրագրի շնորհանդեսի ընթացքում վերակառուցվող հյուրանոցի շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ կհաղորդվեն մանրամասն տեղեկություններ. «Շատ են լինում հարցեր, թե ե՞րբ հյուրանոցը պատրաստ կլինի, ի՞նչ տեսք և առանձնահատկություններ կունենա և այլն: Այս և նմանատիպ այլ հարցերով հետաքրքրվողները կարող են մասնակցել միջոցառմանը և ստանալ իրենց հարցերի պատասխանները»,- ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Դվին» հյուրանոցի սեփականատեր, մեկենաս Արտակ Թովմասյանը: Նա տեղեկացրեց նաև, որ միջոցառման մուտքն ազատ է մեր համաքաղաքացիների համար:

 

Հիշեցնենք նաև, որ խորհրդային տարիներին պետական մրցանակի արժանացած, Երևանի այցեքարտերից մեկը համարվող «Դվին» հյուրանոցի շինարարությունը կավարտվի 2019 թվականին: Շնորհանդեսի ընթացքում քննարկման կդրվի նաև «Դվին»-ի ռեբրենդինգի հարցը: Եվ հաշվի կառնվի հանրության կարծիքը: Վերակառուցումից հետո այն կլինի Հայաստանում և տարածաշրջանում նմանը չունեցող՝ լյուքս դասի հյուրանոց: «Դվին» հյուրանոցը տալիս է մեծ հնարավորություն՝ իրագործելու ենթակառուցվածքային այնպիսի լուծումներ, ինչպիսիք չունեն գործող այլ հյուրանոցները: Հյուրանոցի հիմնական մրցակցային առավելությունը կայանալու է նրա կենտրոնական տեղակայվածության, մեծ հողային մակերեսի (1,814 հա.), մյուս հյուրանոցների համեմատությամբ՝ ստանդարտ սենյակների ավելի մեծ չափերի մեջ: Բացի այդ, հյուրանոցային համալիրը ներառելու է բարձրակարգ ռեստորաններ, ակումբներ, խանութներ, բիզնես կենտրոն և կոնֆերանս կենտրոն, ՍՊԱ սրահ, լողավազան, Ֆիթնես կենտրոն, հանդիսությունների դահլիճներ և այլն: