Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով, որը փաստացի առնչվում է Մարտի 1-ի գործին կամ դրա վերաբերյալ, այսպես ասած, մինչ այժմ եղած պաշտոնական՝ նախկին իշխող համակարգի, նախկին իշխանության վարկածներին: Հայցվորը պնդել է, որ ինքը 2008 թվականի մարտի 1-ին բռնության է ենթարկվել ձերբակալության ժամանակ, իսկ ոստիկանական բաժին հասնելուց հետո իշխանությունները չեն իրականացրել բռնության մասին իր պնդումների վերաբերյալ արդյունավետ հետաքննություն: Նա նաև պնդել է, որ իր ձերբակալությունը եղել է անօրինական և կամայական, որ իր ձերբակալությունը և հետագա կալանքը հիմնված չեն եղել հիմնավոր կասկածի կամ համապատասխան և բավարար պատճառների վրա: Եվրադատարանը նարև հաստատված է համարել Եվրակոնվենցիայի 11-րդ հոդվածի՝ ժողովների եւ միավորումների ազատության իրավունքի խախտումը:
Եվրադատարանը գտել է, որ հավաքի ցրելը (որը խաղաղ էր), և ցուցարարների ձերբակալությունը, ինչպիսին էր Մուշեղ Սաղաթելյանինը, անհիմն ու անտեղի է է եղել: Թվում է, որ նա ձերբակալվել և քրեական հետապնդման է ենթարկվել պարզապես այն բանի համար, որ մասնակցել է բողոքի ցույցերին, իսկ իր վերջնական դատավճռի հիմքում չկա պատշաճ քննություն ներպետական դատարանների կողմից: Եվ ոչ միայն խախտվել է նրա՝ խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը, այլև այդպիսով փորձ է արվել նրան հետ պահել հետագայում նման հավաքներին մասնակցելուց: Եվրադատարանը Հայաստանին պարտավորեցրել է Սաղաթելյանին որպես ոչ նյութական վնասի հատուցում վճարել 15 600 եվրո և 5000 եվրո՝ որպես դատական ծախս:
Ի՞նչ է տալու այս վճիռը Հայաստանի նոր իշխանություններին: Նախ և առաջ՝ այս վճիռը ազատում է Նիկոլ Փաշինյանի ձեռքերը անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու գործում: Եթե, իհարկե, վարչապետը դեռևս ունի նման նպատակ: Սկզբնական շրջանում, երբ Փաշինյանը հայտնեց նման մտադրության մասին փորձագիտական շրջանակները պնդում էին, որ չկա անհրաժեշտություն և ինչն էլ ավելի կարևոր է՝ պատճառ: ՄԻԵԴ-ի այսօրվա վճիռը կասկածի տակ է դնում վերջին տասնամյակում ՀՀ արդարադատության էֆեկտիվությունը և կայացրած վճիռների օրինականությունը՝ ընդհանրապես: Ինչպես ասում են՝ սրանից էլ լավ առի՞թ…Մյուս կողմից՝ այս վճիռը լուրջ խաղաքարտ է Փաշինյանի կառավարության համար՝ նաև ներքաղաքական պայքարի համատեքստում: Կասկածից վեր է, որ այս որոշումը օգտագործվելու է թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի և ընդհանրապես՝ նախկին համակարգի դեմ:
Ս.Խաչատրյան