«Շատ եմ ուզում, որ Կրթության նախարարության նոր թիմը հաջողի, քանի որ դա բխում է միմիայն մեր պետության շահերից։ Մենք կրթության ոլորտում մեծ ջանք ենք գործադրել, որպեսզի հաջողի կրթությունը ՀՀ-ում, և, ըստ էության, այն բոլոր ծրագրերը, որոնք այսօր ներկայացվում են նոր թիմի կողմից՝ մեր ծրագրերն են եղել»։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանը։

Նախկին փոխնախարարի խոսքով՝ կան  նաև որոշ ծրագրեր, որոնք քաղաքական կողմնորոշում են պարունակում և հնարավոր է՝ իշխանությունները դրանք փոխեն։ «Բայց այն հիմնական ծրագրերը, որոնք կրթության համակարգի զարգացմանն են միտված, ԲՈՒՀ-երի միջազգայնացման գործընթացի զարգացմանը՝ մենք նախապատրաստեցինք»,-ասաց Վահրամ Մկրտչյանը։

 

Մեր զրուցակիցը նաև համոզմունք հայտնեց, որ շատ լավ ժառանգություն են թողել Կրթության և գիտության նախարարության ներկայիս թիմին, իսկ թե ինչպես է նոր թիմը տնօրինում այդ ժառանգութունը, նախկին փոխնախարարը գնահատեց՝ «նորմալ»։

Վերջում ԿԳ նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանը նշեց, որ պետք է կրթության ոլորտը փոքր-ինչ հանգիստ թողնել, իսկ նոր թիմն էլ պետք է իր ծրագրերն առաջ բերի, որպեսզի հանրությունն էլ կարողանա տեսնել արդյունքները․ «Սպասում եմ՝ տեսնեմ՝ ինչ ծրագրեր կանեն, որը կշարունակեն, որը՝ ոչ»։

Իսկ ինչ վերաբերում է դպրոցական հագուստների վերաբերյալ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե ՀՀ դպրոցներում այլևս չկա սև ու սպիտակ, ինչպես նաև միասնական հագուստ կրելու պարտադրանք, Վահրամ Մկրտչյանը նկատեց․ «Դե, հագուստը պարտադրված երբ է եղե՞լ, որ»։ 

Հիշեցնենք, որ Վահրամ Մկրտչյանը 2017թ հուլիսին նշանակվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ, այնուհետև, 2018 թվականի մայիսին, սեփական դիմումի համաձայն ազատվել է տվյալ պաշտոնից։

Արմինե Միքայելյան