Երևանի քաղաքապետի ՕԵԿ թեկնածու Մհեր Շահգելդյանը քվեարկել է իր համար բացառիկ, պատմական և առանց ընտրակաշառքի ընտրություններում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա քվեարկել է 9/17 ընտրական տեղամասում:
«Շատ լավ տրամադրվածությամբ և բարձր ակնկալիքներով եկել եմ ընտրության: Սրանք կարևորագույն ընտրություններ են, որովհետև հեղափոխությունից հետո առաջինն են: Կարծում եմ, որ այս ընտրությունները փուլային նշանակություն են ունենալու Հայաստանի Հանրապետության քաղաքական-ժողովրդավարական համակարգի կայացման գործընթացում: Երևանը միայն համայնք չէ, այն մայրաքաղաք է, և հենց այստեղ է գտնվում մեր ազգաբնակչության մոտ 40 տոկոսը»,- նշեց Շահգելդյանը:
Վերջինս վստահ է՝ երկար տարիների դադարից հետո առաջին անգամ է, որ առանց ընտրակաշառքի և կեղծիքի ընտրություններ են անցկացվում, և այն համարում է պատմական ու բացառիկ:
Ըստ օրենքի, ավագանին կարող է գործել, եթե անցնի 3 կուսակցություն, և, Երևանի քաղաքապետի ՕԵԿ թեկնածուի խոսքով, իրենք հավակնում են լինել նրանցից մեկը:
«Մեր կուսակցությունը հավակնում է լինել հաղթող 3 կուսակցություններից մեկը, և պատրաստվում ենք մեր ներդրումն ունենալ Երևանի զարգացման և կառավարման գործընթացում»,- ընդգծեց Մհեր Շահգելդյանը:
Նա քաղաքացիներին կոչ արեց լինել ակտիվ, ներգրավվել այս գործընթացի մեջ և քվեարկելով՝ փորձել կառուցել մեր քաղաքի այն ապագան, որ ցանկանում է յուրաքանչյուր երևանցի:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Ընտրություններին կմասնակցեն «Ժառանգություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյան), «Լույս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Արտակ Զեյնալյան), «Երևանի հանրություն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Անահիտ Թարխանյան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Հայկ Մարության), «Հայկազունիներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Գևորգ Հովսեփյան), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Զարուհի Փոստանջյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Մանուել Գասպարյան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու՝ Մհեր Շահգելդյան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու՝ Միքայել Մանուկյան), «Ռեֆորմիստներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Արտակ Ավետյան), «Երևանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Արարատ Զուրաբյան):
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 848 հազար 343 քաղաքացի: Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո կմեկնարկի ձայների հաշվարկը: