ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում 2018թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 24-ի դրությամբ, ստացվել է 30 հաղորդում-ահազանգ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ 27.09.2018 թվականի դրությամբ Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների վարույթում նախապատրաստվող 30 նյութերից 5-ը մերժվել է:
Մասնավորապես՝ նյութերի նախապատրաստման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում նախապատրաստվող թվով երկու և Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում նախապատրաստվող թվով երեք նյութերով մերժվել է քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումների օպերատիվ կազմակերպումը, քննությունն առավել փորձառու քննիչների կողմից իրականացումը համակարգելու նպատակով։