Երևանի ավագանու 2013 թվականի մայիսի 5-ի ընտրությունների վերաբերյալ Պաշտպանի 116 թեժ գիծը ստացել է ընդամենը 19 ահազանգ: Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ նախորդած Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքում Պաշտպանի աշխատակազմը ստացել էր 178 ահազանգ, իսկ նախորդած Նախագահի ընտրությունների ժամանակ՝ 214 ահազանգ: Հաշվի առնելով նախորդած ընտրությունների համեմատությամբ եղած ահազանգերի սակավաթվությունը՝ քվեարկության օրը Պաշտպանի արագ արձագանքման խմբերը շրջել են քաղաքում և հանդիպել են տեղամասերում եղած քաղաքացիներին, դիտորդներին, վստահված անձանց և լրագրողներին՝ առաջարկելով իրենց աջակցությունը և փորձելով ստանալ լրացուցիչ տեղեկություններ հնարավոր ընտրախախտումների մասին: Սեփական նախաձեռնությամբ կատարված 66 շրջայցերի արդյունքում ստացվել է 2 բողոք:
Այս ընտրությունների ողջ ընթացքում Պաշտպանին ուղղված ահազանգերի և բողոքների վիճակագրությունը հետևյալն է. ընտրացուցակներում առկա անճշտությունների, նույնականացման քարտով ընտրություններին մասնակցելու և քվեարկության ավարտից հետո ընտրատեղամաս մուտք գործելու վերաբերյալ խորհրդատվության համար (10 զանգ), ընտրատեղամասում կուտակումների վերաբերյալ (6 ահազանգ), ընտրակաշառքի բաժանման մասին (2 ահազանգ), լրագրողի նկատմամբ բռնության վերաբերյալ (1 ահազանգ), դիտորդին ահաբեկելու և տեսախցիկը խլելու մասին (1 բողոք), դիտորդի ոչ պատշաճ վարքագիծ (1 ահազանգ):
Հիմք ընդունելով սեփական ահազանգերը, նաև ուշադրությամբ հետևելով լրատվամիջոցների, տեղական ու միջազգային դիտորդական կազմակերպությունների, քաղաքական ուժերի, պետական մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության մեջ առկա խախտումների մասին փաստական տվյալներին՝ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ կարող ենք կատարել հետևյալ եզրահանգումները:
Ընտրությունները եղել են մրցակցային: Բոլոր մրցակից ուժերը ունեցել են քարոզչության ազատ պայմաններ, իսկ տեղամասերում ունեցել են բավարար ներկայացվածություն ու իրական հնարավորություն վերահսկելու քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացը: Լրագրողները և հասարակական կազմակերպությունների դիտորդները աննախադեպ ակտիվությամբ են հետևել ընտրությունների ողջ գործընթացին և հանրությանն իրազեկել են գրեթե յուրաքանչյուր՝ նույնիսկ աննշան շեղման մասին: Դիտորդական կազմակերպությունների և լրագրողների բոլոր ճշտված և չճշտված հրապարակումները էական և ոչ էական խախտումների, այդ թվում՝ կասկածների ու ենթադրությունների վերաբերյալ, չեն գերազանցել 600-ը: Նախորդած ընտրությունների համեմատ՝ Ոստիկանությունը առավել օպերատիվությամբ և լրիվությամբ է արձագանքել քաղաքացիական հասարակության կողմից բարձրաձայնված բոլոր ընտրակեղծիքների մասին ահազանգերին և այդքանով հանդերձ հայտնաբերել և առանձնացրել է արժանահավատ միայն 143 ահազանգ: Լցոնման, ընտրակաշառքի բաժանման, կրկնակի քվեարկության և այլ էական ընտրախախտումների վերաբերյալ գոնե առերևույթ հիմնավոր ահազանգերը շուրջ հինգ տասնյակ են, մինչդեռ գրանցված արդյունքներով մրցակից ուժերի միջև եղած ձայների տարբերությունը էականորեն գերազանցում է ընտրախախտումների մասին հրապարակված կասկածների այս ծավալը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարելի է փաստել, որ Երևանի ավագանու ընտրությունները եղել են ազատ, իսկ դրանց արդարությանը չհավատալու իրավական հիմքերը ներկայումս բացակայում են:
Ընտրությունների գործընթացի ընդհանուր դրական պատկերի վրա բացասական ազդեցություն են ունեցել մի քանի թաղամասերում կասկածելի գործողություններ կատարող տեղաբնակ տղամարդկանց անթույլատրելի ակտիվությունը, որի պատճառով եղել են քաղաքացիների անհարկի կուտակումներ, ընտրողների ուղղորդման կասկածներ, ընտրական գործընթացի մի քանի մասնակիցների աշխատանքի խոչընդոտում և հոգեբանական ճնշում: Մտահոգիչ էին նաև առանձին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից գրանցամատյանում համապատասխան գրառումները չթույլատրելու վերաբերյալ շուրջ մեկ տասնյակ ահազանգերը:
Պաշտպանի աշխատակազմ