Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվեց. ժամը 20:00-ի դրությամբ փակվեցին բոլոր 474 ընտրական տեղամասերը և մեկնարկել է ձայների հաշվարկը: Ժամը 00:00-ից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորումը՝ ըստ ընտրական տեղամասերի, տարա ծքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների:

Մայիսի 15-ին, ժամը 20:00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի Երևանի ավագանու ընտրությունների նախնական տվյալները: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ելք» կուսակցությունների դաշինքը: Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուն Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ելք» դաշինքն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել են տեղական 32, միջազգային երեք լրատվամիջոցներ: Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված միջազգային լրատվամիջոցներն են' «Արևելք»-ը, T24 օրաթերթը, «Կավկազսկիյ ուզել»-ը: