Բելառուսն առաջարկում է Հայաստանում վերելակների և տրակտորների հավաքման արտադրություն սկսել: Ինչպես հաղորդում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը, նման հնարավորությունը քննարկվել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի և Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատգամավորական պատվիրակության հանդիպման ժամանակ:
Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահը ներկայացրել է մի քանի առաջարկ, որոնք կարող են հետաքրքրել հայկական կողմին: «Դրանք հարցեր են կապված հավաքման արտադրությունների կազմակերպման հետ, օրինակ, վերելակների»,- ասել է նա՝ հավելելով, որ Երևանում նկատվում վերելակները փոխելու ծրագրի անհրաժեշտություն:
Նա հավելել է, որ բելառուս մասնագետները կարող են մասնակցություն ունենալ այդ ծրագրին: Որպես ևս մեկ հեռանկարային ուղղություն Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահը համարել է գյուղտեխնիկայի, մասնավորապես, տրակտորների հավաքման արտադրության կազմակերպումը: Նրա գնահատմամբ՝ այս ոլորտում համագործակցությունն արդիական է, քանի որ Հայաստանը զբաղվում է ավտոարդյունաբերության վերազինմամբ և պարբերաբար գնում է բելառուսական ժամանակակից տրակտորներ:
Վլադիմիր Անդրեյչենկոն ասել է, որ այս տարի Հայաստանն ու Բելառուսը նշում են դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը՝ շեշտելով, որ այդ ընթացքում կարողացել են ոչ քիչ հաջողությունների հասնել. Երկու երկրների միջև հաստատվել են հարաբերություններ՝ հիմնված բարեկամության, փոխհասկացվածության և հարգանքի վրա: «Կարևոր է, որ մեր միջև միշտ եղել է բաց երկխոսություն, իսկ փոխգործակցությունը միշտ միտված է եղել համագործակցության արդյունավետ զարգացմանը»,- ասել է նա: