Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում լուսանկարվելու արարողությանը գնալու ճանապարհին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած կարճ խոսակցությանը՝ համարելով այն ամենակարևոր իրադարձությունը գագաթաժողովի ընթացքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարբերականի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը ներկայացրել է հանդիպման մանրամասները: «ԱՊՀ երկրների ղեկավարները գնում էին լուսանկարվելու: Առջևում Ռուսաստանի, Տաջիկստանի և Ղազախստանի նախագահներն էին. նրանց հետևել է Հայաստանի վարչապետը: Այդ ընթացքում Իլհամ Ալիևը քայլելով հասել է Նիկոլ Փաշինյանին ու սկսել զրուցել նրա հետ, ոչ այն պատճառով, որ պարզապես կողք կողքի լուռ քայլելն անհարմար էր, այլ այն պատճառով, որ Իլհամ Ալիևն ասելիք , իսկ Փաշինյանը՝ լսելու բան ուներ»,-գրել է թղթակիցը:
Նրա խոսքով՝ Փաշինյանն ու Ալիևն այնքան են տարվել խոսելով, որ արարողության ժամանակ այբբենական կարգով կողք կողքի կանգնելուց հետո էլ շարունակել են զրուցել:
«Այդ մի քանի րոպեի ընթացքում կարելի էր ավելի շատ բանի մասին պայմանավորվել, քան 1.5 ժամ տևած երկկողմ պաշտոնական հանդիպման ժամանակ, որն, ի դեպ, այժմ, միգուցե, սարերի հետևում չէ»,-գրել է հոդվածի հեղինակը:
Այնուհետև պարբերականի թղթակիցն անդրադարձել է գագաթաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, որի նախաձեռնողը եղել է Փաշինյանը: Անդրեյ Կոլեսնիկովը գրում է, որ հինգ-վեց րոպե տևած առանձնազրույցի ընթացքում Պուտինն ավելի տարված էր երևում խոսակցությամբ, քան զրուցակիցը: «Տեսնենք ինչ կլինի հետո»,-մեկնաբանել է նա:
Ավելի վաղ «Արմենպրեսը» հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Այս մասին վարչապետն ասել է Facebook սոցիալական ցանցում ուղիղ եթերի ժամանակ:
Այնուհետև հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, որում, ըստ էության, երկրորդել է Հայաստանի վարչապետի հայտարարությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Դուշանբեում կայացած զրույցի վերաբերյալ։ Զրուցակիցները հայտնել են խնդրի բանակցային եղանակով լուծման և շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի ամրապնդման իրենց հանձնառության մասին։