«Երբ բարձրացվում էր սոցիալական, տնտեսական արդարության հետ կապված երկրում ծառացած ձեզ ու մեզ հայտնի բոլոր խնդիրների հետ առնչություն ունեցող մի օրակարգ, ժողովրդական մի լայն ալիք դարձավ այդ օրակարգի տերը՝ շատ պարզ պատճառներով, որովհետև այդ խնդիրներն առկա էին և անհրաժեշտ էր դրանց լուծումը: Այն ձգտումը, որ փոփոխություններ պետք է իրականացնել, անհրաժեշտ էր շարունակել»,- այս մասին «Ալյանս» կուսակցության 6-րդ արտահերթ համագումարին հայտարարեց կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանը:
Նա նշեց՝ «Ալյանս»-ը հիմնադրվելով՝ առաջ քաշեց Հայաստանի Հանրապետությունում անարդյունավետ կառավարումն առավել արդյունավետ կառավարմամբ փոխելու պարզ անհրաժեշտության խնդիրը. «Սկսեց միավորել մարդկանց, ովքեր սիրում են իրենց հայրենիքը, մարդկանց, ովքեր ունեն սիրտ, հոգի, միտք, կամք, ցանկություն, ինտելեկտ ու մակարդակ՝ հանրային շահը գերակա համարելու, մարդկանց, ովքեր մեկը մյուսի փոխարեն պատրաստ են ջանք գործադրել, որպեսզի երկիրը դառնա ավելի լավը, որ ապրելը լինի ավելի հարմար, արժանավայել և լիարժեք յուրաքանչյուր քաղաքացու համար»,- նշեց Ուրիխանյանը: