Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը և հարակից միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նպատակով կառավարությունն Արտաքին գործերի նախարարությանը հատկացրեց 408 մլն 945 հազ. դրամ։ Դա այն պարագայում, երբ 2018թ. պետական բյուջեով ԱԳՆ–ին արդեն հատկացվել է 1 մլրդ 438 մլն 354.5 հազար դրամ: Ինչպես և ակնկալվում էր՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը որքան հեղինակավոր, այնքան էլ ծախսատար է: Սակայն դրանք ծախսեր են, որոնցից խուսափելու հնարավորություն նոր իշխանությունները պարզապես չունեն՝ գագաթնաժողովը Փաշինյանին ժառանգություն է հասել նախորդ իշխանություններից, միևնույն ժամանակ, միջոցառման հետ կապված, առկա են որոշակի մտահոգություններ՝ մասնավորապես՝ ծառայություններ մատուցող, կամ այսպես կոչված՝ քեյտերինգային այն ընկերությունների մասով, որոնք պետք է ապահովեն միջոցառման անցկացումը:
 
Հայաստան ժամանած շուրջ 2000 արտասահմանցի հյուրերի համար կազմակերպվելու են լանչեր, քոֆի-բրեյքեր, պաշտոնական ճաշկերույթներ, բացի այդ՝ միջոցառման համար նախատեսվել է ձեռք բերել մեծ քանակի տեխնիկա՝ օրինակ՝ նույն Ֆրանկոֆոնիայի ավանի կառուցման և գործունեության, Հանրապետության հրապարակում գալա-համերգի բեմի կառուցման և տեխնիկական հագեցվածության ապահովման համար: Վերը նշվածը թերևս ամենաքիչ ծախսեր պահանջող օրինակներն էին: Հասկանալի չէ, թե որ ընկերություններն են շահել նման ծառայություններ մատուցելու տենդերները, արդյո՞ք ընդհանրապես կազմակերպվել է մրցույթ: Չմոռանանք, որ գագաթնաժողովի նախապատրաստությունը սկսվել է դեռևս նախորդ իշխանությունների օրոք, որոնց ձեռագիրը երբեք էլ բաց և թափանցիկ չի եղել: Իհարկե, կարող են հայտարարել, որ տենդերի մրցույթ ընդհանրապես չի հայտարարվել, քանի որ նման մրցույթները, որպես կանոն, անցկացվում են այն պարագայում, երբ առկա է կոռուպցիոն ռիսկ: Միևնույն ժամանակ, վերհիշենք թե ինչ գումարների մասին է գնում խոսքը՝ կոռուպցիոն ռիսկը արտահայտված է միայն այդ թվերի տեսքով: ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջի «գնումների գործընթաց» բաժինը  ևս լույս չի սփռում խնդրո առարկայի վրա: Պետական բյուջեից հատկացված գումարները չի կարելի վատնել առանց հանրությանը համապատասխան հաշվետվություն ներկայացնելու, անգամ եթե այդ գումարները ծախսվում են պետական միջոցառումների վրա:
 
Ս.Խաչատրյան