Աշխարհահռչակ շանսոնյեի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հոկտեմբերի 5-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալները կազմակերպել էին հրաժեշտի ցերեկույթ: Նրանք միջոցառման ընթացքում հանդես եկան ոչ միայն գեղեցիկ ասմունքներով՝ նվիրված մեծն շանսոնյեին, այլ նաև ներկայացրին նրա կյանքն ու գործունեությունը: Ցերեկույթի ողջ ընթացքում հնչեցին Շառլ Ազնավուրի անմահ կատարումները:

Միջոցառման ավարտին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի արարողություն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կրոնական անկյունում: Արարողությունն ավարտվեց մոմավառությամբ:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անձնակազմը ևս իր սերը, երախտագիտությունն ու հարգանքը հայտնեց մեծն Շառլ Ազնավուրին: Ծառայողները ծաղիկներ խոնարհեցին Արթիկ քաղաքի Անկախության հրապարակում տեղակայված Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանում, որն այս օրերին վերածվել է Շառլ Ազնավուրի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հարթակ, և գրառումներ կատարեցին հուշամատյանում: