Բոտոշան քաղաքում գտնվող Ռումինիայի տարածքի հայկական հնամյա գերեզմանատան Սբ Ավետման մատուռում հոկտեմբերի 6-ին անցկացվել է հոգեհանգստյան կարգ' ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած, Ռումինիայի միավորման և Հայաստանի անկախության գործին իրենց նշանակալի ավանդը ներդրած հայ զինվորականների և Հայաստանի ազգային հերոս, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգու հանգստության համար:
Միջոցառմանը մասնակցել են Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինահայոց միության նախագահ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի հայ համայնքի և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ:
Հոկտեմբերի 6-ը՝ շանսոնյեի հուղարկավորության օրը, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված էր սգո օր: