Ֆրանկոֆոնիայի երգչախումբը Շառլ Ազնավուրի հետ Երևանում, Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում պետք է կատարեր «Լա Բոհեմ» երգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստում հայտարարեց Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարՄիկաել Ժանը:
«Մեծ ցավ ապրեցինք, երբ անցած երկուշաբթի մեզանիցհեռացավ Շառլ Ազնավուրը: Ֆրանկոֆոնիայի երգչախումբըպատրաստվում էր «Լա Բոհեմ »-ը երգել իր հետ այստեղ»,- նշեց գլխավոր քարտուղարը:
Միկաել Ժանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի ժողովրդին ու իշխանություններին՝ ջերմ ընդունելության համար՝ միաժամանակ կարևորելով անցած գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները:
«Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին ու իշխանություններին արտահայտել մեր երախտագիտությունը: Մենք թանկ ենք գնահատում ենք նրանց ջերմ ընդունելությունը, հյուրընկալության և առատաձեռնությունը: Սա լավ հնարավորություն է նաև ողջունել անցած գարնանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության խաղաղ բնույթը: Թավշյա հեղափոխությունն օրինակելի իրադարձություն է»,- ասաց Միկաել Ժանը:
Հոկտեմբերի 8-9-ը Երևանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովը: Հոկտեմբերի 9-ին Ազատության հրապարակում նախատեսված է Ֆրանկոֆոնիայի ավանի պաշտոնական բացումը: Ֆրանկոֆոնիայի ավանում գագաթաժողովի մասնակից երկրները, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Կներկայացվեն արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործեր, ինչպես նաև ազգային խոհանոցը: Բացմանը նախատեսված են ելույթներ, երաժշտական կատարումներ, այց Ֆրանկոֆոնիայի ավանի տաղավարներ:
Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության (ՖՄՄ) 47-րդ նստաշրջանը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 9-12-ը, Ծաղկաձորում։ Այս նստաշրջանի քննարկումների համար ՖՄՄ-ն ընտրել է «Լրատվամիջոցները եւ միգրացիան» թեման։ Այս շատ արդիական թեման հնարավորություն կտա հասկանալու տեղեկատվության մշակման ձևերը և ԶԼՄ-ների դերն իրենց երկրներում հասարակական կարծիքների ձեւավորման գործում։
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում առաջին անգամ հոկտեմբերի 10-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպվելու է տնտեսական ֆորում` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը: Ռազմավարության նպատակն է «ուժեղացնել ֆրանկոֆոն տնտեսական գոտին՝ դիմագրավելով տնտեսական, սոցիալական, էներգետիկ եւ բնապահպանական մարտահրավերների հանգեցնող խնդիրներին, ինչպես նաեւ հակազդել գլոբալ տնտեսական եւ ֆինանսական համակարգերում աճող անհամաչափություններին»:
Հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում ժամը 19:30-ին կանցկացվի գալա համերգ, որի եզրափակիչ հատվածը նվիրված է լինելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Համերգի մյուս մասում ելույթ կունենան աշխարհահռակ երգիչներ Անժելիկ Կիժոն, Մելոդի Գարդոն, Զազը:
Հոկտեմբերի 11-12 կանցկացվի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որը կմեկնարկի բացման հանդիսավոր արարողությամբ: Գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է:
Գագաթաժողովի թեման է «Ապրել միասին` հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը եւ զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության եւ բարգավաճման։