ՀՀԿ խմբակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի մանդատը փոխանցվեց Մարտուն Գրիգորյանին: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
 
Նշենք, որ այսօր ԿԸՀ գումարած նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամվոր Ֆելիքս Ցուլակյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության թիվ 11 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Մարտուն Կամոյի Գրիգորյանին տալու վերաբերյալ:

Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով, սակայն չի անցել ԱԺ: Նա ձայների քանակով զիջել է Ֆելիքս Ցոլակյանին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար: