Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում հոկտեմբերի 21-ին կայանալիք համայնքի ղեկավարի հերթական ընտրություններում կմրցակցեն երկու թեկնածու՝ համայնքի գործող ղեկավար Ավետիս Ավետիսյանը և «Սևան Ազգային պարկ»-ի տեսուչ Սերգեյ Սերգոյանը:
Սովորաբար, ընտրություններն այս համայնքում անցնում են ակտիվ։ Բնակիչները մեծ ոգևորությամբ են սպասում համայնքի ղեկավարի ընտրություններին, մեծ հույսեր ու ակնկալիքներ ունեն, որ համայնքի կյանքում էլ դրական փոփոխություններ կլինեն։
Նախընտրական թեժ շրջանում խոսակցություններ են տարածվել, թե իբր «Սևան հոգեբուժարան»-ի տնօրեն Գագիկ Կարապետյանը սատարում է Սերգեյ Սերգոյանին և ուղղորդում բնակիչներին։ Սակայն մեզ հետ զրույցում համայնքի բնակիչները հավաստիացրին՝ դրանք իրականությանը չհամապատասխանող բամբասանքներ են, իսկ Կարապետյանի արած գործերն՝ անուրանալի։ Նրանք նշեցին հատկապես դպրոցի ու պոլիկլինիկայի վերանորոգումը, որն իրականացվել է հենց Կարապետյանի նախաձեռնությամբ:
«Սերգեյը երիտասարդ, շնորհքով տղա է, մեր գյուղի զավակը, շատ կուզենք, որ հենց ինքը ղեկավարի մեր համայնքը, համոզված ենք՝ բոլոր խնդիրները կլուծի։ Թաղամասեր կա՝ գազ չկա, 500 000 մուծում են ուզում անենք, բայց մեզ որտեղի՞ց։ Խմելու, ոռոգման ջրի խնդիր ունի գյուղը, օրերով ջուր չենք ունենում, էս ո՞ր թիվն է։ Գյուղում չկա արարողությունների սրահ, երեխաների և մեծահասակների համար ժամանցի վայրեր, մշակույթի տուն, գյուղմթերքի մշակման արտադրամաս, անհրաժեշտ գուղտեխնիկա չունենք, որոշ ճանապարհներ քանդված են, կամուրջն է անմխիթար վիճակում։ Կան անապահով ընտանիքներ, որոնց օգնություն չի ցուցաբերվում, ընդհակառակը՝ օգնությունը տրվում է նրանց, ովքեր դրա կարիքը չունեն։ Երիտասարդ կադրերի համար աշխատատեղեր չկան, դիպլոմներ ունեն երեխեքը, բայց գործազուրկ են։ Գյուղը մի քանիսի համար չէ»,- մեզ հետ զրույցում իրենց դժգոհությունն են հայտնում բնակիչները. ոմանք տեսախցիկի առաջ, ոմանք էլ՝ տեսախցիկից այն կողմ:
Նկատենք, որ գյուղամիջի ճանապարհների որոշ հատվածներ քարուքանդ են եղած։ Անմխիթար վիճակում է հատկապես գյուղի երկու մասերը միմյանց կապող կամուրջը, էլ չենք խոսում ինչպես կամրջի, այնպես էլ համայնքի որոշ հատվածներում հանդիպած աղբակույտերի մասին, ինչին ականատես եղանք։
Ըստ մեր տեղեկությունների՝ գործող գյուղապետ Ավետիս Ավետիսյանն անդամակցել է ՀՀՇ, ՀՀԿ, ԲՀԿ կուսակցություններին, հիմա էլ հեռահար նպատակներ ունի՝ անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Թե ինչով է պայմանավորված մի կուսակցությունից մյուսը գնալու հաճախականությունն ու համայնքապետի այս սովորությունը, փորձեցինք պարզել հենց Ավետիսյանից, սակայն վերջինս հերքեց մեր հիմնավոր տեղեկությունները՝ փորձելով համոզել, որ ինքը որևէ կուսակցության մեջ չի եղել։ Ի դեպ, ինչպես ընդունված է պաշտոններ զբաղեցնող մարդկանց մոտ, այստեղ ևս, համայնքապետը «յուղոտ պաշտոնների է նստեցրել» իր ծանոթ-բարեկամներին։ Մասնավորապես, մանկապարտեզի վարիչ է նշանակել իր հարսին։
«Ես 8 տարի աշխատել եմ, եթե կցանկանան իմ աշխատանքը շարունակեմ, ուրեմն կշարունակեմ, եթե ոչ՝ ապա բոլորին էլ շնորհակալ եմ։ Դա բնակիչների խնդիրն է։ Ես ոչ մի կուսակցություն չեմ փոխել, ոչ մի կուսակցության անդամ չեմ, առայժմ չեմ անդամակցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,- մեզ հետ զրույցում ասաց Դդմաշենի համայնքապետ Ավետիս Ավետիսյանը։
Անդրադառնալով դիտարկմանը՝ ինչպես է ստացվել, որ մանկապարտեզում իր ծանոթ-բարեկամներին է տեղավորել աշխատանքի, Ավետիսյանը փորձեց արդարանալ․ «Մանկապարտեզում իմ հարսն է աշխատում, իրեն նշանակել եմ, որպեսզի մի հատ չարաշահում տեղի չունենա։ Մասնագետներ չունենք, որ կարողանան աշխատել»,- նշեց համայնքապետը։
Խոսելով այն մասին, թե ինչ դերակատարում ունի ընտրություններում «Սևան հոգեբուժարան»-ի տնօրեն Գագիկ Կարապետյանը, ում անունը շոշափվում է ուղղորդումների մեջ, Ավետիսյանը պատասխանեց․ «Էնի սաղ ընտրություններին ունեցել ա, հիմա էլ ունի, հիմնական ղեկավարն ինքն ա։ Ինքը ընդհանրապես մասնակցում է ընտրություններին։ Ես 8 տարի է աշխատում եմ, չգիտեմ՝ ինքը ինչ գործունեություն է ծավալել գյուղում։ Իմ օրոք ոչ մեկ ոչ մի բան չի արել էս գյուղի համար, ոչ էլ կարեցել են, որ անեն»,- ասաց Ավետիսյանը:
Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք նաև «Սևան հոգեբուժարան»-ի տնօրեն Գագիկ Կարապետյանի հետ: Վերջինս զարմացավ, թե առհասարակ ինչու է իր անունը շոշափվում, իսկ գյուղի համար արված գործերի մասին ասաց՝ հետաքրքրվենք բնակիչներից:
«Ես երկու տարի է՝ ինչ աշխատում եմ այստեղ, բայց մեր հին աշխատակիցներից լսել եմ, որ Գագիկ Կարապետյանն է վերանորոգել պոլիկլինիկան»,- մեզ հետ զրույցում ասաց Դդմաշենի պոլիկլինիկայի ամբուլատորիայի տնօրեն Կարինե Գևորգյանը:
Ստացվում է՝ գյուղապետը նշում է՝ Գագիկ Կարապետյանը ոչինչ չի արել գյուղի համար, այնինչ՝ հակառակն են փաստում մեր զրուցակիցները:
Մենք զրուցեցինք նաև Դդմաշեն համայնքի ղեկավարի մյուս թեկնածուի՝ Սերգեյ Սերգոյանի հետ: Թեև վերջինս չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ, սակայն անհիմն որակեց խոսակցությունները, թե ինքը դաշնակցական է՝ հավաստիացնելով, որ որևէ կուսակցության չի անդամակցում:
Մանրամասները՝ տեսանյութում: