Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ականատես ենք լինելու տիտանների կռվի։ Երկրում, որտեղ միջին աշխատավարձը 300 դոլարից պակաս է, ու բնակչության առնվազն կեսը գտնվում է աղքատության շեմից ներքեւ, հասարակությունը պիտի ուի-ուշով հետեւի քաղաքական ուժերի թեժ մրցակցությանը, ընդ որում՝ այնպիսի ուժերի, որոնց ռեյտինգային ցուցակներում ընդգրկվածների ընդհանուր ունեցվածքը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի պետական բյուջեն, եւ ուշի-ուշով հետեւելով՝ պիտի փորձի հասկանալ, թե այդ ուժերից ո՞րն ավելի արագ կփրկի Հայաստանը:
ՀՀԿ-ի թեկնածուներից են մարզպետ Արամայիս Գրիգորյանը, նախկին ոստիկանապետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը, պատգամավոր Մուրադ Մուրադյանն ու այլք: Արամայիս Գրիգորյանի համար դժվարին օրեր են: Հիմա նա պետք է ամեն բան անի, որպեսզի իշխանություններին ապացուցի, որ մարզում կարող է դրության տերը լինել: Նա հիմա չի կարողանալու պայքարել միայն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմի դեմ: Նախ՝ իր համար դժվար կլինի, քանի որ մարզում Հովիկ Աբրահամյանն, այնուամենայնիվ, շարունակում է մնալ ամենաազդեցիկ քաղաքական դեմքը: Այս ամենին գումարվում է ՀՀԿ ներքին պայքարը: Արամայիս Գրիգորյանի օգտին աշխատողներն այդքան էլ շատ չեն:
Արարատի մարզում, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, բացի Ալիկ Սարգսյանից՝ առաջադրվելու է նաև «Զովաշենցի Ռուբոյի» տղան, որը կտանի մարզի մի քանի գյուղերի ձայներ: Իսկ այս ընթացքում՝ առաջնորդվելով նախընտրական տրամադրություններով, նորանշանակ մարզպետն արդեն իսկ կադրային ջարդ է սկսել: Նախ՝ Ռուբիկ Աբրահամյանի ազատման օրը աշխատանքից ազատվեցին նաեւ նրա օգնականներ Սերգեյ Մուրադյանը եւ Նարեկ Գալստյանը, ապա՝ Գրիգորյանի մարզպետ նշանակվելու առաջին օրերին, աշխատանքից ազատվեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը:
Ոչ պակաս թեժ իրավիճակ է ստեղծվել նաև Արարատի մարզի Մասիս քաղաքում: Մասիսում ՀՀԿ-ականների հին հաշիվներն են սրվել։ Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանը քաղաքում շտաբ է բացել, որն զբաղվում է Արայիկ Գրիգորյանի քարոզչությամբ։ Հիշեցնենք, որ Սաշա Հակոբյանն անցած աշնանը պոստը զիջեց Դավիթ Համբարձումյանին՝ «Թույների Մհերի» որդուն, ով ՀՀԿ-ի թեկնածուն էր, որին աջակցում էր Մուրադ Մուրադյանը։ Հակոբյանը, ամենայն հավանականությամբ, որոշել է վրեժխնդիր լինել Մուրադյանից:
Արարատի մարզը խորհրդարանական ընտրություններին թերեւս ամենաթեժ ընտրատարածքներից մեկն է լինելու: Այստեղ բախվելու են հին ու նոր կրքերը:
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ