Վաղը՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստանի մի շարք մարզերի տարբեր համայնքներում նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այսօր լռության օր է, քարոզարշավն արգելված է։ Նախընտրական իրավիճակը հատկապես լարված է Էջմիածին քաղաքում, որտեղ երեկ երեկոյան կրակել էին քաղաքապետի թեկնածու, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի մեքենայի վրա։

 

Այսօր ևս իրավիճակը հանգիստ չէ։ Ընտրական տեղամասերում այսօր բաժանվում են կնիքներ, քվերաթերթիկներ, ծրարներ և այլն։ Քաղաքապետի թեկնածու Հրաչիկ Աբգարյանը փորձել է խոչընդոտել այդ աշխատանքը՝ մտնելով տարբեր տեղամասեր։ Քիչ առաջ նա մտել է թիվ 6 մանկապարտեզում տեղակայված 19/16 տեղամասը և ահաբեկել է հանձնաժողովների աշխատանքը, հորդորել դադարեցնել գործընթացը, քանի որ, իր խոսքով, ընտրություն չի լինելու։ Մոտ մեկ ժամից ավել կասեցրել ու խոչընդոտել է տեղամասային հանձնաժողովների աշխատանքը, մինչև օրինական դիմումներ ներկայացնելով իրավիճակը կարգավորել են։

 

Այսօր լռության օր է և քարոզչությունն արգելված է։ Սակայն, քաղաքապետի թեկնածու Հրաչիկ Աբգարյանի թիմը թռուցիկներ է բաժանում շենքերում, քարոզչություն անում։