Երեւանի ավագանու' նոյեմբերի 13-ին գումարած հանդիսավոր նիստում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը:
Հանդիսավոր նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, Երեւանի պատվավոր քաղաքացիներ, պետական, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:
Համաձայն Երեւանի ավագանու կանոնակարգի 124-րդ կետի՝ նիստը վարում էր ավագանու ավագ անդամ Լիլիթ Պիպոյանը: Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը երդվեց քաղաքապետի լիազորությունները իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երեւանի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Համաձայն Երեւանի ավագանու կանոնակարգի 125-րդ կետի՝ Երեւանի քաղաքապետի երդման ստորագրված տեքստն ի պահ հանձնվեց Երեւան քաղաքի թանգարանին: Երեւանի, ավագանու անդամ Արթուր Իսպիրյանն ու Երևանի պատվավոր քաղաքացի Տիգրան Մանսուրյանը Երեւանի քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան' հայոց տասներկու մայրաքաղաքաների անվանատառերով, հանձնեցին նորընտիր քաղաքապետին: