Այսօր Սպիտակ քաղաքից մի կին Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը բողոք-պահանջ է ներկայացրել։ Քաղաքացին պահանջում է, որպեսզի իրեն տրամադրեն մահացած քրոջ հուղարկավորման համար նախատեսված 200 հազար դրամը։ Նա նշում է, որ այդ ծախսերն ինքն իր վրա է վերցրել։
«Իմ պահանջը հուղարկավորության համար նախատեսված 200 հազար դրամի խնդիրն է։ Քույրս, ով անժամկետ թոշակառու եղել, մահացել է, և այդ գումարը չեն տրամադրում ուղիղ մեկ տարի, մեկ ամիս»,-ասաց կինը։
Քաղաքացին նշեց նաև, որ եթե վեց ամիս հետո ներկայացներ իր պահանջը որպես իրավահաջորդ, չէր տրամադրվի և դա հասկանալի կլիներ, քանի որ նման օրենք կա, բայց ինքը հանգուցյալի մահից մեկ ամիս էլ չանցած՝ դիմումը ներկայացրել է։
Կինը հավելեց նաև, որ հանգուցյալը 2000 թվականից գտնվել է Վարդենիսի տուն-ինտերնատում, 2017 թվականին մահացել է և հուղարկավորման համար տեղափոխվել է իր ծննդյան վայրը՝ քաղաք Սպիտակ։ Ինքը դիմել է, որպեսզի իրեն տրամադրեն քրոջը հասանելիք նպաստը՝ 200 հազար դրամը, և որպես պատասխան ստացել է, որ քանի որ պետության հովանու ներքո է, չի հասնում։
«Եթե հարկ լինի դիմել դատարան, ես պատրաստ եմ վկաներ բերել»-, ասաց կինը։
Հարցին՝ ի՞նչ պատասխան են տվել իրեն նախկին իշխանությունների ժամանակ՝ նա պատասխանեց, որ ասել են՝ չի հասնում։ Նրա խոսքով, գուցե պատճառն այն է, որ իր քույրը նաև հոգեկան խնդիրներ է ունեցել։
«Թեկուզ և հովանու ներքո է եղել, բայց չէ՞ որ Սահմանադրության մեջ գոյություն ունի, որ դա կլինի ծերանոց, թե տուն-ինտերնատ, մարդը եթե հաշվառված է և մահացել է լյարդի ցերոզից, էլ ինչի՞ մասին է խոսքը։ Մերժումը հասկանալի կլիներ միայն ամենավերջին աստիճանի հոգեկան հիվանդի դեպքում»,-ասաց կինը։
Կինը նշեց, որ դիմել է նաև ՄԻՊ-ին, ով ասել, որ իրավունքի խախտում է տեղի ունեցել ։