Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մշտապես աջակցել և աջակցում է, որպեսզի ԼՂ հակամարտության կողմերը միասին խոսեն, երկրների ղեկավարների միջև լինեն շփումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: «ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ միասին հանդիսանում են ԵԱՀԿ անդամ երկրներ, և բոլորս ընդունում ենք «Մադրիդյան սկզբունքներ»-ը, որոնց հիմնական կետերն են ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքը»,-շեշտեց նա:
Քենթը հիշեցրեց նաև, որ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում օգնեց հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որին հաջորդեց Փաշինյան-Ալիև հանդիպումը Դուշանբեում: «Այդ շփումը երկու երկրների ղեկավարներն էլ դրական են համարում»,-հավելեց նա: