Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ի հետ զրույցում բացառել է Արցախյան հակամարտության կարգավորումն առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»: Հարցազրույցի ընթացքում դեսպանը հայտնել է, թե հայ ժողովուրդն, ի վերջո, պետք է որոշի` ո՞ր լուծմանն է ինքը պատրաստ: «Դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»,- ասել է ԱՄՆ դեսպանը:
Պետք է նշել, որ սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան բաց տեքստով նման շեշտադրում է անում: Շեշտադրումը, սակայն, էլ ավելի վառ երանգներ է ստանում, եթե հաշվի առնենք այն ժամանակահատվածը, որում այն արվում է: Հայաստանը թևակոխել է նախընտրական շրջան, որում արտաքին կենտրոններից ստացված նման մեսիջները ուղղակիորեն հարվածելու են վարչապետ Փաշինյանի վարկանիշին: Վերջինս բառացիորեն երկու քարի արանքում է հայտնվում. հանրությունը Փաշինյանից ակնկալելու է կտրուկ արձագանք դեսպան Միլսի հնչեցրած տեսակետին, և եթե այդ արձագանքը չհետևի՝ վարչապետի գլխավորած թավշյա հեղափոխությունը «արևմտյան», «սորոսյան» պրոեկտ անվանողները չեն զլանա հայտարարել թե այսպիսով ԱՄՆ-ն պահանջում է այդ հեղափոխության ժամանակ Փաշինյանին ցուցաբերած օժանդակության «գինը»՝ ի դեմս գրավյալ տարածքների վերադարձի:
Մյուս կողմից՝ ԱՄՆ դեսպանի այս հայտարարությանը կոշտ արձագանքելու դեպքում Փաշինյանը կարող է կանգնել ԱՄՆ-ի հետ՝ առանց այդ էլ ոչ այնքան սահուն ընթացող հարաբերություններն էլ ավելի լարելու ռիսկի առջև, ինչը նոր կառավարության համար բացարձակապես ցանկալի չէ: Բանն այն է, որ Փաշինյանի կառավարությունը փորձում է ներդրումներ ու օգնություն ստանալ նաեւ ԱՄՆ-ից՝ դիտարկելով այս երկիրը որպես առանցքային առևտրատնտեսական գործընկեր, սակայն ԱՄՆ-ն այս հարցում այնքան էլ պատրաստակամ չէ, քանի որ այս գործում առանցքայինն Ամուլսարի հարցն է, որի լուծման ուղիները Փաշինյանի կառավարությունը դեռևս չի գտնում:
Փաշինյանի խնդիրը բարդանում է նաև նրանով, որ մինչ օրս նա ձգտում էր զերծ մնալ հակամարտության կարգավորման վերաբերյալ կտրուկ գնահատականներ կամ տեսլական հնչեցնելուց, իսկ այժմ նրանից ակնկալվում է հստակ արձագանք, այն էլ՝ նախընտրական շրջանում, երբ Փաշինյանի քաղաքական հակառակորդները ուշի-ուշով սպասելու են վարչապետի վրիպումներին՝ ակնկալելով դրանց հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքել: Ինչպես նշեցինք, այս պարագայում թե՛ արձագանքը, թե՛ դրա բացակայությունը իրենց մեջ պոտենցիալ ռիսկեր են պարունակում: ԱՄՆ հեռացող դեսպանի անսպասելի հայտարարությունը Փաշինյանի համար լուրջ հարված է, ընդ որում՝ հարված թիկունքից, որի արդյունքում վերջինս հայտնվում է պատային իրավիճակում և պետք է ձգտի դուրս գալ այդ իրավիճակից՝ նվազագույն կորուստներով...
Ստելլա Խաչատրյան