Հոկտեմբերի 21-ին Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում ևս համայնքի ղեկավարի ընտրություններ են:
Խնդիրները բազմաթիվ են, հույսը մեկն է՝ ընտրել ղեկավար այնպիսի մեկին, ով կկարողանա իր կառավարչական հմտությունների շնորհիվ գյուղը ոտքի կանգնեցնել, ապահովել ենթակառուցվածքների զարգացումը՝ այդպիսով գյուղն առավել հարմար դարձնել բնակիչների համար:
«Գյուղում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ և աչքաթող արված հարցեր: Դալարիկը, լինելով իր չափսերով 3-րդն այս տարածաշրջանում, էականորեն զիջում է մյուս՝ նույնիսկ փոքր գյուղերին իր հարմարավետությամբ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Դալարիկի համայնքապետի ղեկավարի թեկնածու Հրանտ Սողոմոնյանը:
Գյուղի ճանապարհներից կիսով չափ ասֆալտապատ է միայն գյուղ մտնող ճանապարհի մի մասը, իսկ մնացածը հողածածկ են, ինչը Սողոմոնյանի համար առաջնային խնդիր է:
«Առանց ոռոգման և խմելու ջրի հարցի կանոնակարգման, առանց ճանապարհների բարեկարգման` ոչ մի ներդրող չի գա Դալարիկ: Եթե ներդրողը բերի այստեղ սարքի, օրինակ, մթերքի վերամշակման գործարան, ապա այդ գործարանի սպասարկման համար անհրաժեշտ մեքենաները տարին մեկ պետք է լինելու վերանորոգել, սա հավելյալ ծախս է, որը, բնականաբար, հեռու է պահելու ներդրողին մեր գյուղից»,-մանրամասնում է համայնքապետի թեկնածուն:
Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ համայնքապետի ընտրություններում հաջողելուց հետո առանձնահատուկ ուշադրություն է դարձնելու գյուղի մշակութային կյանքին, որը, ըստ իրեն, բացակայում է:
Սողոմոնյանը հավելեց, որ գյուղի պառակտումը կարելի է շրջանցել միայն մշակութային ակտիվ կյանքով, որը կստեղծի նոր շփման, քննարկման, ինքնադրսևորման եզրեր: