Ֆինանսների նախարարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում «Կառուցողական ստոմատոլոգիա» հասարակական կազմակերպության անդամները՝ մի խումբ ատամնաբույժների հետ՝ պահանջելով 2013 թվականից ուժի մեջ մտած  արտոնագրային վճարի վերացում: 

«Ներկայիս հարկաչափը խոչընդոտում է շատ կլինիկաների բնականոն աշխատանքին: Ճիշտ է, խնդիրն առկա է 2013թ.-ից, սակայն այնպես չէ, որ մենք նոր ենք անհնազանդություն ցուցաբերում: Միշտ էլ ասել ենք, որ դա ճիշտ հարկաչափ չէ, քանի որ լինում են ամիսներ, որ քիչ է լինում աշխատանք, կամ լինում է, որ բժիշկն արձակուրդում է լինում: Իսկ այս հարկաչափը պարտադրում է բոլոր դեպքերում տանել և սահմանված  գումարը վճարել»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մանրամասնեց ՀԿ-ի տնօրեն Հովհաննես Գևորգյանը 

 

Գևորգյանի խոսքով՝ իրենք այսօր հարկադրված են բողոքի ակցիա իրականացնում, քանի որ տևական ժամանակ է՝ դիմում-նամակներ են հղում թե՛ ՀՀ ֆինանսների և թե՛ առողջապահութւյան նախարարություններ: «Նրանք մեզ ասում են՝ ավելի հիմնավոր հաշվարկներ ներկայացրեք՝ մուտքերի և ելքերի հետ կապված: Այդ հաշվետվությունն ուղարկելուց հետո, սակայն, հաջորդ հանդիպումն այդպես էլ տեղի չի ունենում. նրանք ձգձգում են: Մինչև անգամ նամակով դիմել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,-ասաց Հովհաննես Գևորգյանը:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ առողջապահության նախարարությանը, ՀԿ-ի տնօրենը նշեց, որ նախարարության մոտեցումն այս հարցին դեռ 50/50 է: 

Ակցիայի ընթացքում վերջիններիս է մոտեցել Ֆինանսների նախարարության գումարային քաղաքականության և վարչարարության մեթոդոլոգիայի բաժնի պետ Օրի Ալավերդյանը և տեղում ծանոթանալով հաշվետվությանը, ներկայացրեց, որ արդեն Կառավարությունում գնում են քննարկումներ բարեփոխումների վերաբերյալ: 

Մանրամասները՝ տեսանյութում.