Նախորդ ամիս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գնդապետ Ռոմիկ Մարգարյանը նշանակվեց ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնին: 

«Իրականության մեջ, որ պատերազմից խոսվում է, ես մի քիչ վերապահումով եմ մոտենում դրան, քանի որ յուրաքանչյուր մասնակից, երբ փորձում է մեկնաբանել, շատ տգեղ բան է ստացվում: Պատերազմը մեզ պարզապես տարավ իր հորձանուտը, մենք մասնակցեցինք և այն պրծավ, մենք էլ հետը պրծանք: Ես միշտ ասել եմ և ասելու եմ՝ պատերազմի բոլոր մասնակիցները հերոսներ էին, անկախ նրանից` զենք են վերցրել, թե` ոչ: Դա մեր սահմանին ապրող գյուղացին է, մեր սննդի և հագուստի մատակարարողը, բարոյական աջակիցը, բոլորը»: 

 

ԼՈՒՐԵՐ.com-ը նորանշանակ թիկունքի պետ Ռոմիկ Մարգարյանի հետ զրույցում անդրադարձել է Արցախյան պատերազմական տարիներին, ոլորտում առկա խնդիրներին, կադրային հնարավոր փոփոխություններին և մի շարք այլ հարցերի: 

-Պարո՛ն գնդապետ, երկար դադարից հետո համակարգ եք վերադարձել, որակական ո՞ր փոփոխությունները կառանձնացնեիք, որոնք, ըստ Ձեզ, արդեն իսկ տեսանելի են:

-Երբ ես բանակից տեղափոխվեցի այլ ծառայության, որտեղ մի քիչ զինվորական ակտիվությունն ավելի քիչ էր, քան բանակում՝ կրթության, գրագիտության մակարդակը բավականին ցածր էր. դա՝ 10-15 տարի առաջ: Հիմա իմ նշանակվելուն զուգադիպեց նաև հրամանատարական հավաքները, և շփվելով հավաքների մասնակիցների հետ, ես հասկացա, որ բանակը նույն կրթական մակարդակով 10 քայլ առաջ է գնացել: Զինվորներն ուսյալ են, տիրապետում են իրենց աշխատանքներին, բանակի զարգացման և առաջընթացի տեսլականը բավականին բարձր է նրանց մոտ: 

-Իսկ այլ փոփոխություննե՞ր:

-Թիկունքային ապահովվածության մակարդակը ևս բարձրացել է մեր բանակում. առաջին հայացքից թվում է՝ էլ անելիք չկա, և որ սա միայն պահենք՝ բավարար է, բայց երբ ավելի խորն ենք վերլուծում, գտնում ենք անելիքներ, զարգացման ճանապարհներ: Մենք զարգմացման ճանապարհին ենք և տեղում չենք դոփում:

 

-2016թ. ապրիլյան քառօրյայի օրերին շատ խոսվեց անորակ վառելիքի պատճառով չաշխատած զինտեխնիկայի մասին, արդյո՞ք պատրաստվում եք այս հարցի վերաբերյալ որևէ լայնամասշտաբ ստուգում կամ հետաքննություն նախաձեռնել:

-Ես չեմ կարող ասել՝ 2016 թվականին ինչ թերություններ են եղել, որոնք չպետք է լինեին, բայց հիմա, որքանով որ տեղեկացված եմ, բանակի ղեկավարության կողմից մեծ արձագանք եղան այդ ուղղությամբ և համապատասխան կառույցներն աշխատել են, և եթե եղել են որոշ բացթողումներ՝ հիմա չկան:

Պարո՛ն գնդապետ, ՊՆ որոշ պաշտոնյաներ աշխատանքից ազատվեցին 2016 թվականին կատարած չարաշահումների պատճառով, սակայն շատ չանցած՝ մեկ այլ պաշտոնի տեղափոխվեցին հենց այս ոլորտում, ըստ Ձեզ՝ դա նորմա՞լ է: 

-Ես չեմ կարող գնահատական տալ նրանց վերադասի որոշումներին, որ ազատել են, հետո այլ պաշտոնի են նշանակել: Մենք նաև մի քիչ շատ ենք տեղ տալիս ժողովրդի արձագանքներին, վերաբերմունքին և առաջին պահին, որ համաժողովրդական պահանջ է իջնում ասպարեզ, գուցե արձագանքում ենք դրանց և ազատում մարդկանց պաշտոնից, սակայն հետո երբ քննություն է անցկացվում և այդ մարդկանց անմեղությունն ապացուցվում է, նա վերականգնում է ծառայությունը: 

-Ըստ Ձեզ, ոլորտում ո՞ր խնդիրներն են առաջնային լուծում պահանջում:

-Բանակում գոյություն չունեն առաջնային խնդիրներ, իսկ իմ՝ թիկունքային ոլորտում, չկան երկրորդական խնդիրներ: Մեկը մյուսով միշտ շաղկապված են, քանի որ մի փոքրիկ հարց անտեսելով՝ մենք մեկ այլ բանագավառում կարող ենք ունենալ մեծ խնդիրներ: 

-Նախատեսու՞մ եք արդոք կադրային փոփոխություններ, կամ հնարավոր է՝ արդեն իրականացնո՞ւմ եք: 

-Այս 27-28 տարիների ընթացքում բանակը մեծ միջոցներ է ծախսել լավ կադրեր պատրաստելու համար, և հենց այնպես չի որոշվում կադրային փոփոխություններ կատարել: Ես առայժմ չեմ պատրաստվում նման բան անել՝ նախ, նրա համար, որ մեր բնագավառում բոլոր կադրերը երկար ճանապարհ է անցել և նրանցից ազատվելը մեծ խնդիր է լինելու: Եթե կլինեն մարդիկ, որոնք թիկունքային քաղաքականության շրջանակներում չեն գտնում իրենց տեղը, բնական է՝ մենք երկար ճանապարհ անցնելու ցանկություն չենք ունենա: Ինքնանպատակ կադրային փոփոխություն իմ կողմից չի լինելու: 

-Քաղաքական կամ ռազմական իշխանության կողմից ինչպիսի՞ պահանջ է դրված Ձեզ վրա՝ տվյալ պաշտոնի նշանակման հետ կապված: 

-Ճիշտն ասած, գուցե իմ կենսագրությունն ուսումնասիրելով են հանգել այդ որոշմանը, քանի որ կոնկրետ խնդիրներ իմ առջև դրված չեն, երևի այն պատճառով, որ հասկացել եմ մեր և՛ քաղաքական և՛ զինվորական ղեկավարության կողմից նեկայացված պահանջները և այլ ծառայություններում, մինչև այս պաշտոնին անցնելս, սրբորեն իրագործել եմ դրանք: 

-Պարո՛ն գնդապետ, այսօր շարունակաբար փորձում են մեր բանակին զիջումներ պարտադրել, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը և ի՞նչ եք կարծում՝ մեզ ավելի մեծ փորձություննե՞ր են սպասվում, քան արդեն ունեցել ենք:

-Կարծում եմ՝ այո: Ես մտածում եմ, որ պատերազմն ավարտված չէ, քանի մենք մեր հարևանների հետ ունենք լուծվելիք խնդիր: Պատերազմը միշտ էլ մնում է այդ խնդրի լուծման տարբերակներից մեկը:

-Իսկ Դուք ինչպե՞ս եք տեսնում Արցախի հարցի լուծումը:

-Արցախի հարցն արդեն լուծվել է: Ես նոր լուծում չեմ փնտրում: Այն անկախ է և Հայաստանի անբաժանելի մասն է: 

-Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարելի է լուծել արցախցի-հայաստանցի կոնֆլիկտը:

-Այդ տարանջատումը մեր մեջ մտցրեց մեր հակառակորդը, քանի որ մեր մեջ չկա արցախցի, հայաստանցի, ապարանցի: Կենցաղային մանր-մունր խնդիրները շահարկելով, մեր հակառակորդը դա մտցրեց մեր մեջ: Ամոթ նրանց, ովքեր կտրվեն նման խոսակցություններին: 

-Պարո՛ն Մարգարյան, վերջին շրջանում շատ են հրապարակումները բանակի մասին, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է պետք է լինի բանակ-մամուլ կապը: 

-Շատ լավ հարց եք տալիս, ես էի ուզում խոսել այդ մասին: Չի կարելի սարքել բանակը թափանցիկ կառույց, որի բոլոր մանրամասներին պետք է տիրապետի ժողովուրդը: Բանակը փակ կառույց է, խառնվել բանակի կյանքին և փորձել բանակում ժողովրդավարություն հիմնել, դա միայն կտանի պետության և բանակի կործանմանը: Ես կցանկանայի՝ մեր ժողովուրդը վստահեր բանակի ղեկավարությանը և չտրվեր մանր-մունր սադրանքների: Այն քննադատներին եթե բերենք բանակ և նշանակենք որևէ պատասխանատու պաշտոնի՝ մի քանի շաբաթ հետո նա ինքն է խնդրելու, որ իր գործերին չխառնվենք:

Ա՛յ, տեսե՛ք, խոսեցիք բանակի հանդեպ վստահությունից: Անընդհատ թմբկահարվում է բանակի հանդեպ անվստահության մասին, այս մասով ի՞նչ կասեք:

-Չեմ բացառում, որ կա նման բան, քանի որ ականատես եղանք վերջին բացահայտումներին: Բանակն այսօր ՀՀ-ում բոլոր կայացած կառույցներից ամենակայացածն է: Հնարավոր է՝ կան խնդիրներ, բայց դա համատարած չէ: Եվ, օրինակ, եթե ինչ-որ հարցում մեղադրում են որևէ գեներալի, չի կարելի սևացնել բոլոր գեներալներին, եթե գնդապետ է՝ բոլոր գնդապետերին: Պետք չէ ընդհանրացնել: 

 

Հարցազրույցը՝ Արմինե Միքայելյանի