ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ընդգծել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորման Մինսկի համաձայնագրի բոլոր կետերի կարևորությունը: Այս մասին հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի հաղորդագրությունը:
«40 րոպե տևած հանդիպման ընթացքում պետքարտուղար Քերին և նախարար Լավրովը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը և կարևորել հրադադարի վերաբերյալ Մինսկի համաձայնագրի բոլոր 12 կետերի ամբողջական ու պատշաճ կատարումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է ամերիկացի դիվանագետը:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև պայքարն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Իրաքում և Սիրիայում: Բացի այդ, նրանք կարծիքներ են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի բանակցությունների շուրջ: