Օրերս թալանել էին Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջ՝ Սուսաննա Դարբինյանի բնակարանը, ով Վանաձորի թիվ 30 դպրոցի տնօրենն է և որի ամուսինը եղել է Վանաձորի քաղաքապետարանի նախկին ճարտարապետը:
Սուսաննա Դարբինյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ դեռ որևէ տեղեկություն չունեն, թե ով կամ ովքեր կարող են կողոպտել իրենց. «Գաղափար չունեմ՝ ով կարող է լինել: Իմ տեսադաշտում չկան այդպիսի արարքի ընդունակ մարդիկ»,-մանրամասնեց Դարբինյանը:
Մեր այն դիտարկմանը, թե ինչպես կմեկնաբանի կողոպտիչների՝ իրենց դռան վրա արված գրառումը՝ «Գողը գողից գողացավ, Աստված տեսավ, զարմացավ: Իսկ մենք գնում ենք դբա լավը», նախկին քաղաքապետի քույրը չցանկացավ արձագանքել. «Չեմ ուզում խոսել այդ մասին, ոչինչ չունեմ ասելու»:
Նշենք, որ Վանաձորի նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանի անվան շուրջ մամուլում պտտվում են մի շարք բիզնեսներ խլելու մասին լուրեր, նրա դեմ ներկայացված դատական հայցերը՝ դեռ մի կողմ: Մանավորապես, նա մի քանի տարի առաջ փորձել է իր ազգականից խլել Վանաձորի թիվ 1 երթուղին, իսկ իր պաշտոնավարման 15-ից ավել տարիների ընթացքում փեսաներին, քույրերին և ազգականներին տեղավորել է բարձր պաշտոնների:
Քույրերից մեկն էլ Սուսաննա Դարբինյանն է, որը եղբոր շնորհիվ դարձել է Վանաձորի թիվ 30 դպրոցի տնօրենը:
Արմինե Միքայելյան