Երուսաղեմի քրիստոնյա եկեղեցիների հոգևոր առաջնորդները՝ Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև Հունաց պատրիարքը և Սուրբ երկրի Քուստոսը, հոկտեմբերի 19-ին միասնաբար նամակ են ստորագրել' ուղղված Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Այս մասին ֆեսյբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
«Նամակում հոգևոր պետերն իրենց զարմանքն են հայտնում առ այն, որ քրիստոնյա համայնքներին պատկանող կալվածքների վերաբերյալ Կնեսետի անդամ Ռաքել Ազարիայի հեղինակած օրինագիծը ներառվել է հոկտեմբերի 21-ին կայանալիք նախարարների հանձնաժողովի քննարկման օրակարգում եւ կոչ են անում Նեթանյահուին անմիջապես միջամտել եւ մեկընդմիշտ կասեցնել օրինագծի քննարկումը: Հոգևոր պետերն օրինագիծն անվանել են ամոթալի եւ նամակում հիշեցրել են Բենյամին Նեթանյահուին, որ հուլիսին հոգևոր պետերին ուղղված իր նամակում նա վստահեցրել էր վերջիներիս, որ օրինագիծը պիտի հետ կանչել»,-նշել է Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: