Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Համայնքներից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Այսօրվա ընտրություններում մեծ կարևորություն ունեն քաղաքապետերի ընտրությունները։ Քաղաքապետ է ընտրում նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքը։
Քաղաքապետի թեկնածուներն են՝ Նարեկ Բաբայանը, Էդգար Հովհաննիսյանը և Գևորգ Փարսյանը։
ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում թեկնածուներից Նարեկ Բաբայանը, որն ի դեպ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, նշեց, որ դեռևս չի գնացել ընտրության, սակայն ավելի ուշ կկատարի իր ընտրությունը։
Բաբայանը խոսելով այս ընտրություններում իր ակնկալիքների և շանսերի մասին՝ նշեց․«Կարծում եմ՝ ցանկացած պարագայում պետք է կապանցին հաղթի։ Մեր խնդիրն ազատ և արդար ընտրություններ ապահովելն է, և դրա արդյունքում էլ կորոշվի։ Ավելորդ է շանսերից խոսելը, գնահատականներ կտամ ընտրություններից հետո»։
Հարցին՝ մյուս թեկանծուների հետ ինչպիսի՞ հարաբերություններ են՝ Բաբայանը պատասխանեց, որ անձնական շփումներ չունեն․ «Միայն դեմքով ենք ճանաչում, չենք շփվել»։
Մեզ հետ զրույցում թեկնածուներից «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ Իրավաբանական բաժնի պետ անկուսակցական Էդգար Հովհաննիսյանն էլ նշեց, որ կատարել է իր ընտրությունը հանուն Կապանի բարօրության և կապանցի երեխաների։
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ժողովուրդը հենց իրեն կտա վստահության քվեն՝ Հովհաննիսյանը պատասխանեց․
«Կարծում եմ, այնուամենայնիվ, կստանամ ժողովրդի վստահության քվեն»։
Դիտարկմանը, թե որպես ֆովորիտ շրջանառվում է ՔՊ-ական Նարեկ Բաբայանի անունը նա նկատեց․
«Կան նաև խոսակցություններ, որ ֆավորիտը մեկ այլ թեկնածու է։ Մենք՝ երեքով ենք այս ընտրապայքարում։ Դրանք խոսակցություններ են, շատ քիչ ժամանակ է մնացել, որ այս ամենին վերջակետ դրվի և հասկանանք՝ ում վստահեց ժողովուրդը և ում ծարգրերին տվեց հավանություն»։
ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը նաև կապ է հաստատել մի քանի ընտրատեղամասերի հետ, մասնավորապես, Ագարակ գյուղի 35/1 ընտատեղամաս, որտեղ 132 ըտրողից ընտրության էր եկել՝ 62-ը, և Կապան քաղաքի Մուշեղ Հարությունյան փողոցում գտնվող թիվ 6-դպրոցում տեղակայված ընտրատեղամաս, որտեղ ընտրության էր եկել 600 ընտրող։ Տեղամասերից հայտնեցին, որ ընտրություններն անցնում են խաղաղ․ «նախկինի նման փողոցում մարդիկ հավաքված չեն, որ հսկեն ընտրությունները։ Խաղաղ իրավիճակ է, ընտրախախտման դեպքեր դեռևս չեն գրանցվել»,- ասացին ընտրատեղամասերից։
Արմինե Արմենակյան