Հայաստանը գործնականում իր բոլոր միջազգային գործընկերների հետ ինտենսիվ և բարձր մակարդակի շփումների մեջ է: «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին շրջանում ԱՄՆ տարբեր պաշտոնյաների՝ Հայաստան կատարած կամ սպասվելիք այցերին, ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին:
«Ցավոք, ԱՄՆ-ի պարագայում մեր շփումներն այդքան ինտենսիվ չեն մինչ այս ժամանակը, հույս ունենք, որ առաջիկայում շփումները կինտենսիվացվեն: Չնայած օրերս այցելել էր ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը և շատ կարևոր ու հետաքրքիր քննարկում ունեցանք: Ես ասել եմ, որ պատրաստվում ենք ինտենսիվանցել մեր հարաբերությունները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին:
Հայաստանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում առաջիկայում կայցելեի Հայաստան: